Թուրքիայում նորից սկսել են խոսել Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին:
Մասնավորապես Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ այն լուրջ սպառնալիք է առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Միջին Ասիայի երկրների համար:
Թուրք պաշտոնյան հռետորական հարց է տվել, թե հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը:
Դենիզը պնդել է, թե ոլորտում գործող մի շարք մասնագետներ եւ միջազգային կառույցներ Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչել են աշխարհի ամենավտանգավոր եւ անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Նա նշել է, որ կառուցումից ի վեր հայկական ատոմակայանը ենթարկվել է բազմաթիվ վթարների, եւ օրինակ բերել 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի ճնշում գործադրեն Հայաստանի վրա: