Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, թե «Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը»:
Սա ի՞նչ հայտարարություն է Մեղրիի միջանցքի ձեռքբերման համար մարդկային զոհերի պատճառ դարձող գործողությունների ֆոնին: Ի՞նչ մեղու կծեց Ադրբեջանին, որ նա հրաժարվում է Հայաստանի միջոցով կապից:
Ուշադիր կարդալու դեպքում Բայրամովը չի ասում, թե հրաժարվում են Մեղրիից, նա հասկացնում է, որ Մեղրիի ճանապարհը միակը չի լինի: Ու եթե նույնիսկ նկատի ունի, որ հրաժարվում են Մեղրիից, այսպիսի հայտարարություն Բայրամովը, եթե չեմ սխալվում, այս տարվա փետրվարին էլ արեց: Եվ ի՞նչ: Բառացիորեն հայտարարության հաջորդ օրը նախագահ Ալիեւը հայտարարեց, որ Մեղրիի ճանապարհից իրենք չեն հրաժարվի:
Բայց կա Բայրամովի նոր հայտարարության երկրորդ կողմը: Ու եթե նույնիսկ հայտարարության բառերը նույնն են, որոնք ասվել են փետրվարին, բովանդակությունը նույնը չէ: Այսօր Բայրամովի այս հայտարարությունը կարող է ուղղված լինել Ռուսաստանին: Նա հայտարարությամբ ռուսներին հասկացնում է՝ հանգի՛ստ թողեք Հայաստանին, մի՛ խցկվեք Ադրբեջանի եւ Հայաստանի արանքը:
Այս երկրորդի օգտին է խոսում Բայրամովի այսօրվա մեկ այլ հայտարարություն, որով նա, մեզ թույլ տանք ասել, շոյել է Հայաստանին: Բայրամովն ասել է՝ Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով:
Հակված եմ կարծելու, որ այդ մոտեցումներից մեկը վերաբերում է հենց Մեղրիի ճանապարհին, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը գլոբալ հակասություններ չունեն, բայց այդ ճանապարհի «բովանդակության» մասով վերապահումներ ունի Ռուսաստանը: Հայաստանն ուզում է, որ ճանապարհը լինի վերգետնյա, այսինքն՝ էստակադա, որի վրա կտեղակայվեն ռուս խաղաղապահները, ռուսներն ուզում են, որ ճանապարհն անցնի հենց գետնի վրայով: Դա նրանց հնարավորություն կտա վերահսկելու նաեւ Իրանով Հայաստան մտնող բեռները:
Եվ ահա Բայրամովն ասում է՝ եթե ռուսները Հայաստանի հետ լեզու չգտան, Ադրբեջանն այս հարցով կարող է զիջել հայերին, չանհանգստացնել Մեղրիի ճանապարհի մասով:
Միաժամանակ նա հասկացնում է, որ, միեւնույնն է, հայերը մեզ զիջելու լիքը բան ունեն:
Ադրբեջանը Հայաստանին «շոյելու» մեկ այլ շահ էլ ունի: Նա ուզում է, որ զիջելիս հայերը քիչ նյարդայնանան, ինչպես ասում են՝ ոչինչ նրանց չշեղի իրենց հետ «համագործակցությունից»:
Եթե մենք ճիշտ ենք հասկացել Բայրամովի հայտարարությունը, հերթը ռուսներինն է՝ գտնել Ադրբեջանին Մեղրիի ճանապարհ «վերադարձնելու» քայլը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: