ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) օգոստոսի 10-ին՝ առավոտյան ժամը 4-9-ը, Երեւան քաղաք մտնող մայրուղիներում զննել է միս տեղափոխող 19 փոխադրամիջոցներ, որոնցից միայն 3-ն են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձեւ 5 վկայականը:
Օգոստոսի 10-ին մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողությունը՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ։
Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, որոնց հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ, եւ կսահմանվի վարչական պատասխանատվություն: Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է: Խստացված վերահսկողությունը շարունակվելու է:
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ 2022-ի առաջին կիսամյակում տեսչական մարմինը սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն եւ միս-մսամթերք տեղափոխող 514 մեքենայի։
Երեւանի առեւտրի իրացման վայրերի համար հաց եւ արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը ուժի մեջ է 2017-ի նոյեմբերի 1-ից: