Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Սիրիայի իշխանություններին կոչ է արել վերադարձնելու 10 տարի առաջ այդ երկրի տարածքում անհետացած ԱՄՆ քաղաքացի Օսթին Թայսին։
Նախագահ Բաշար Ասադի դեմ ծագած ապստամբությունը լուսաբանելու նպատակով 2012-ի օգոստոսին Սիրիա ժամանած նախկին ծովային հետեւակային, անկախ լրագրող Թայսին առեւանգել էին անհայտ անձինք։ Թայսի ընտանիքը վստահ է, որ նա ողջ է եւ այժմ սիրիական բանտում է։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրները եւս պնդում են, որ գոնե նախկինում Թայսը որոշ ժամանակ պահվել է սիրիական կառավարության հետ առնչություն ունեցող ուժերի տրամադրության տակ։ Պաշտոնական Դամասկոսը ներկայացվող մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ Թայսի ճակատագրի մասին որեւէ տեղեկության չի տիրապետում։