Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարեւոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության եւ կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետեւանքների պատճառով։
Մտահոգիչ հետեւանքներն ի հայտ են գալիս ջերմաստիճանի տատանումների՝ բարձրացումների եւ իջեցումների ժամանակ, քանի որ ավելանում են հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտները։
Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ ուշադրություն է դարձրել այս խնդրին, ինչն արտացոլվել է երկրի ներքին քաղաքականության մեջ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրելու, կանաչ տնտեսության վրա կենտրոնանալու, ինչպես նաեւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, հատկապես վերականգնվող էներգիայի զարգացման միջոցով։
«Կլիմայի տարածաշրջանային շաբաթ 2022»-ի պաշտոնական բացման ժամանակ ԱՄԷ արդյունաբերության եւ առաջատար տեխնոլոգիայի նախարար Սուլթան Ալ-Ջաբերը հաստատել է, որ համաշխարհային անվտանգության մասին խոսելիս Էմիրությունները կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը։ Ի դեպ, Աբու Դաբիում է գտնվում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) կենտրոնակայանը:
163 միլիոն դոլարի օգնություն կլիմայի փոփոխության հետեւանքով տուժած ավելի քան 40 երկրների
Արաբական Միացյալ Էմիրությունները որդեգրել է գործընկերության վրա հիմնված մեթոդաբանություն եւ կենտրոնացել կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ ավելի խոցելի երկրներում նախագծերի ֆինանսավորման վրա։
Այս համատեքստում ԱՄԷ-ն 2017-2022 թվականների ընթացքում շուրջ 163 միլիոն դոլարի չափով օգնություն է տրամադրել կլիմայի փոփոխության՝ ջրհեղեղների, երաշտների հետեւանքով տուժած ավելի քան 40 երկրների։ Երաշտից տուժած Աֆրիկա մայրցամաքին տրամադրվել է օգնության ամենամեծ բաժինը՝ շուրջ 85 միլիոն դոլար։
Վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի աջակցության նպատակով ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի, ինչպես նաեւ «Աբու Դաբիի ապագայի էներգետիկայի ընկերության» (Մասդար) միջեւ ստեղծվել է 100 միլիոն դոլարի չափով ռազմավարական գործակցություն, որը հատկացվել է խաղաղօվկիանոսյան եւ կարիբյան տարածաշրջանային երկրներին, որոնք տուժել են կլիմայի փոփոխության հետեւանքներից։