Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանի համար անընդունելի են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել օգտագործելու իր բոլոր հնարավորությունները խաղաղության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի զարգացման համար:
Ըստ ԻԻՀ նախագահի մամուլի ծառայության՝ անդրադառնալով տարածաշրջանի իրադրության սրման թեմային`Ռաիսին ընդգծել է եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը։ «Հարցերը երկխոսության եւ դիվանագիտության միջոցով լուծելը Կովկասում անվտանգություն ստեղծելու լավագույն միջոցն է»,– նշել է նա։
Էբրահիմ Ռայիսին երկու երկրների միջեւ հարաբերությունները բնութագրել է որպես խոր եւ պատմական՝ ընդգծելով Երեւանի եւ Թեհրանի միջեւ կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետն իր հերթին տեղեկացրել է շփման գծում վերջին բախումների մասին: Նա գոհունակություն է հայտնել Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարող է աջակցել երկու երկրների միջեւ ապրանքների տարանցմանն ու ընդլայնել ենթակառուցվածքների ՝ տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում համագործակցությունը։
Հուլիսի 19-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ասել էր, որ Թեհրանը հակազդելու է Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու Անկարայի եւ Բաքվի քաղաքականությանը։