ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200 մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 71 հազար 700 մարդ:
Բնակչության ընթացիկ հաշվառումն արվում է 2011 թվականի մարդահամարի հիմքով:
Հայաստանում 2022-ի հունվար-հունիսին ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը եղել է 111,3 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 108,0-ի համեմատ: Հանրապետությունում 2022-ի հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 278 դեպք` 2021-ի հունվար-հունիսին արձանագրված ամուսնալուծության 246 դեպքի համեմատ:
2022-ի առաջին կիսամյակում արձանագրվել են 7926 ամուսնություն եւ 2207 ամուսնալուծություն: Ծնվել է 16 հազար 511, մահացել՝ 14 հազար 679 մարդ. բնական հավելաճը եղել է 1832:
2022-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,1%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը՝ 16-62 տարեկան, 21,4%-ը` աշխատունակ տարիքից ցածր՝ 0-15 տարեկան, իսկ 15,5 -ը` աշխատունակ տարիքից բարձր՝ 63 եւ ավելի տարեկան բնակչությունը: Հայաստանի 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ՝ 245 տարեց եւ 340 0-15 տարեկան երեխա:
ՀՀ վարչատարածքային բաժանման հիմքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներն են, ըստ որոնց՝ ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզի եւ Երեւան քաղաքի: Հայաստանում կա 49 քաղաք եւ 953 գյուղ: