Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ամենաթարմ այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է հուլիսի վերջին:
Հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաեւ պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլեւ առանձնազրույցների ժամանակ։ Ամատունին նշել է, որ վերոնշյալ տվյալները հրապարակման ենթակա չեն։
Զառա Ամատունին հավելել է, որ գերեվարված անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների, նամակների, հեռախոսազանգերի միջոցով։
Կարմիր խաչը չի հրապարակում տեսակցած գերիների թիվը։ Կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների հրապարակած գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։ ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանները ադրբեջանական ցուցակներում չներառված մոտ 80 անձի գերության մասին ապացույցներ ունեն:
Գերեվարված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների, հարազատների հետ կապ հաստատելու նման հնարավորություն էր ընձեռվել նաեւ 2022-ի փետրվարի վերջին, մարտի սկզբին եւ ապրիլին։