Թուրքական A Haber հեռուստաալիքը հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սա փխրուն գործընթաց է, անհրաժեշտ է ամուր խաղաղության հասնել։
Միեւնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Թուրքիան դեմ է Հայաստանի հետ հանդիպումն անցկացնել երրորդ երկրում։ «Սա թշնամիների հանդիպում չէ, անթույլատրելի է այն երրորդ երկրում անցկացնելը»,– հայտարարել է նա։
Հանդիպմանը նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի, առեւտրի եւ տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման արդյունքում տեխնիկական հարցեր կսկսեն մշակել, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն ստուգել են Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Մասնավորապես, ուշադրություն են դարձրել Իգդիրի նահանգում 2 երկրները միացնող Ալիջան կամրջի եւ դրա մոտ տանող մայրուղու վերանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վրա:
Զննել են նաեւ Անի քաղաքի ավերակները եւ Հայաստանի հետ կապված այլ մշակութային օբյեկտներ։ Թուրքիայում ակնկալում են, որ Հայաստանի քաղաքացիները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն սահմանամերձ շրջաններ այցելելու հարցում։ Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի՝ որոշ տեղացիներ արդեն սկսել են իրենց տները հյուրատների վերածել։
Երեւանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկելու, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցություններն առանց նախապայմանների։
Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած վերոնշյալ տեղեկությունը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։
«Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին նախօրոք հանրությանը պատշաճ ժամկետներում, տեղեկացնում ենք»,- շեշտել է խոսնակը։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին Վիեննայում։