ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հայտնել է, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 6-17-ը մասնակցելու է Շարմ էլ Շեյխում անցկացվող Կլիմայի փոփոխության ամենամյա 27-րդ համաժողովին` COP-ին (Conference of the Parties)։
Ըստ նրա` այս տարվա համաժողովին Հայաստանը որոշել է մասնակցել ընդգրկուն կազմով` պատվիրակության մեջ ներառելով նաեւ անհատ մասնագետների, որոնք միջոցառմանը սեփական միջոցներով մասնակցելու համար դեռ կարող են դիմել գերատեսչությանը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ հայկական կողմը հետաքրքրված է նաեւ «Պարտք` կլիմայի դիմաց» առաջարկով։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի պետական պարտքի որոշ մասը այս գործիքի շնորհիվ կարող է մարվել կլիմայական ծրագրերով։
Հայաստանի պարտքերը կլիմայական գործողություններով վերադարձնելու մեխանիզմով զբաղվում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Այն նախատեսում է Հայաստանի արտաքին պարտքի փոխհատուցում այն ծրագրերի ծավալին համապատասխան, որոնցում կա կլիմայական ներդրում։
ՀՀ-ն պարտավորվել է մինչեւ 2050-ը ածխածնային արտանետումները հասցնել զրոյի
«Դիցուք, ՀՀ-ն ՌԴ-ին ունի պայմանական 1 միավոր պարտք եւ կատարված աշխատանքների շրջանակում կլիմայական օրակարգի վրա ծախսել է 0,1 միավոր։ Այդ դեպքում այս 1 միավորից այդ 0,1 միավորը դուրս է գալիս»,- պարզաբանել է Գաբրիելյանը։
Համաժողովի շրջանակում նախատեսված են նաեւ «Կանաչ» գիտությանը, կենսաբազմազանությանը, գյուղատնտեսությանը, երիտասարդությանը եւ կրթությանը, ինչպես նաեւ քաղհասարակությանն ու կանանց նվիրված միջոցառումներ։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանի համար կարեւոր օրակարգային հարցերից մեկը «Ցածր ածխածնային օր» միջոցառումն է, քանի որ Փարիզյան համաձայնագրին միանալով` Հայաստանը պարտավորվել է մինչեւ 2050-ը ածխածնային արտանետումները հասցնել զրոյի։
2017-ին այդ տարբերակը ՀՀ-ին առաջարկել է Համաշխարհային բանկը
«Պարտք` կլիմայի դիմաց» գործիքի մասին Հայաստանում հայտարարվել էր դեռ 2017-ի փետրվարին։ Այն ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ այդ տարբերակը ՀՀ-ին առաջարկել է Համաշխարհային բանկը: Նա նաեւ ասել էր, որ Հայաստանը որեւէ կոնկրետ երկրից առաջարկ չի ստացել։
2022-ի մարտի 30-ին Ռուսաստանը հայտարարել էր, որ Հայաստանի հետ քննարկում է պարտքի մարման այդ նոր գործիքի կիրառումը։ Սակայն գործնականում այն դեռեւս չի կիրառվել։
Հայաստանի պետական պարտքը 2022-ի հունիսի 30-ի դրությամբ 4 տրիլիոն 55 միլիարդ 251 միլիոն 800 հազար դրամ է, ինչը 251 միլիարդ 737 միլիոն 400 հազար դրամով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։