Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեում բարձր պաշտոն զբաղեցնող Կիմ Յո Չժոնը, ասել է, որ եղբայրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով եւ բարձր ջերմություն է ունեցել: Նա եղբոր առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի հայտնել:
«Չնայած լուրջ հիվանդությանը՝ Կիմ Չեն Ընը չէր կարող նույնիսկ մեկ րոպե հանգիստ պառկել, քանի որ այս հակահամաճարակային պատերազմում պետք է մինչեւ վերջ աշխատեր ժողովրդին խնամելու համար»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը:
Կիմ Յո Չժոնը կորոնավիրուսի հարցերով կուսակցական խորհրդաժողովում խոստացել է մահացու հաշվեհարդար տեսնել վիրուսը Հյուսիսային Կորեա հասցրած Հարավային Կորեայի հետ: Մասնավորապես նա քննադատել է Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սոկ Յոլին, որը մտադիր է չեղարկել Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ քարոզչական բնույթի քաղաքական թռուցիկների տարածումն արգելելու մասին 2020-ի որոշումը:
«Եթե մեր երկիր վիրուսը բերելու նման վտանգավոր գործողությունները շարունակվեն, կվերացնենք թե՛ վիրուսը եւ թե՛ Հարավային Կորեայի իշխանությունը»,- ասել է Կիմ Յո Չժոնը:
Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիսավոր հայտարարել է, որ արտակարգ հակահամաճարակային արշավում հաջողվել է իսպառ վերացնել երկրի տարածք թափանցած նոր կորոնավիրուսը։
2022-ի մայիսի 12-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 4,77 միլիոն դեպք։