Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչները դեմ են արտահայտվել Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության 2022-2025 թվականներին նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքներին: Հայտի հանրային երկրորդ քննարկումը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Մեղրաձորի վարչական ղեկավարի նստավայրում:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, նախաձեռնող «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ներկայացրել են երկրաբանահետախուզական աշխատանքների նպատակը, նախատեսվող գործողությունները, անկախ փորձագետներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ՝ իրենց կանխատեսումները։
Թեժասարի հանքավայրի Թեժագետի նեֆելինային սիենիտների հանքավայրի պաշարները երկրաբանները ուսումնասիրել ու գնահատել են 1957-1958 թվականներին:
Նախաձեռնող ընկերությունը հավաստիացրել է, որ ներկայում մեծապես կատարելագործված են ինչպես օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեսությունն ու մեթոդները, այնպես էլ հանքավայրերի շահագործման, հանքաքարերի համալիր վերամշակման տեխնոլոգիաները։ Հետեւաբար նպատակահարմար են գտել ամբողջությամբ վերլուծել ավելի քան 60 տարի առաջ Թեժագետի տեղամասի պաշարների տվյալները ու փորձագիտական տարաբնույթ դիտողություններն ու առաջարկները, կազմել տեղամասի լրացուցիչ հետախուզման եւ ուսումնասիրության ծրագիր։
Տեղաբնակներն էլ կարծում են, որ դրա կարիքն ամենեւին էլ չկա, քանի որ հետախուզական աշխատանքներին հաջորդելու է շահագործումը, որի դեպքում կվտանգվեն Թեժ լեռը, Հանքավանի ձորն ու Մարմարիկ գետը, տարածաշրջանի ռեկրեացիոն տարածքն ամբողջությամբ։
Քննարկմանը կողմերի միջեւ բուռն բանավեճ է ծավալվել։ Մեղրաձորցիները դեմ են արտահայտվել ու գրավոր դիմում ներկայացրել Ծաղկաձոր համայնքի ղեկավարին։
«Մենք՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներս, հայտնում ենք, որ դեմ ենք ծրագրին եւ պահանջում ենք Ծաղկաձոր համայնքի ՏԻՄ-ից տալ բացասական եզրակացություն ծրագրի վերաբերյալ»,- նշված է դիմումում:
Դեռ 2012-ին էին բնակիչները հայտնել իրենց անհամաձայնությունը, երբ «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը ցանկանում էր շահագործել նույն հանքավայրը։ Այդ ժամանակ բողոքի մեծ ալիք էր բարձրացել տեղացիների եւ քաղհասարակության շրջանում:
Ավելի վաղ Էկոլուրը հրապարակել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի՝ 2005 թվականին Деловой экспресс պարբերականի 21-րդ համարում զետեղված հարցազրույցից մի հատված, որտեղ ակադեմիկոսը նշել էր, որ խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի եւ անկատար տեխնոլոգիաների պատճառով:
Ֆադեյ Սարգսյանը հարցազրույցում պատմել էր, որ հակառակ այն հանգամանքին, որ 60-70-ականներին Հրազդան քաղաքում կառուցվել է լեռնաքիմիական կոմբինատ, որի համար ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, ծրագիրը կյանքի չէր կոչվել։ Բանն այն է, որ մասնագետներն ապացուցել էին, որ եթե կոմբինատը սկսի գործել, շրջակայքի ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա: Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլեւ ջուրը:
Իսկ ակադեմիկոս Մանվելյանը զգուշացրել էր, որ կոմբինատի թափոնները անհրաժեշտ էր լինելու թաղել թափոնների պատիճային եղանակով, ինչպես արվում է միջուկայինների դեպքում՝ դրանից բխող անդառնալի հետեւանքներով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։