Ըստ իրանական IRNA գործակալության հաղորդագրության՝ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտգործնախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որեւէ ցանցում օգտահաշիվ չունի:
Իրանի ԱԳՆ-ն նման պարզաբանմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:
Մասնավորապես, օգոստոսի 11-ին Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով թվիթերյան օգտահաշվի գրառման մեջ նշվել էր, որ Թուրքիան ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան։ Գրառման մեջ նա անթույլատրելի է համարել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայությունը եւ Սիրիայից Ադրբեջան նրանց տեղափոխումը։
«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից եւ Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում»,- ասված էր գրառման մեջ: