Կառավարության վերջին նիստում քննարկված հարցերը շատ կարեւոր էին, կարելի է ասել՝ չափազանց կարեւոր: Օրինակ՝ Ստեփանավանից Օձուն ճանապարհին կա բավական հին կամուրջ, հավանաբար պատմաճարտարապետական լուրջ հուշարձան: Պատկերացնո՞ւմ եք, կամուրջը ճանապարհով անցնողներին լավ չի երեւում. մի պահ երեւում է, հաջորդ պահին՝ անցնում ծառերի հետեւը: Սա չի վրիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքից. իր ամառային արձակուրդի ընթացքում նա անցել է այնտեղով, նկատել խնդիրն, ու երեկ Կառավարության նիստում հանձնարարել անել այնպես, որ կամուրջը անցորդներին երեւա:
Սա էլ՝ մեջբերում վարչապետի ելույթից. «Վերջերս այդ ճանապարհով անցնում էի եւ նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ, եւ երթեւեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երեւում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ դա ճարտարապետական հուշարձան է»:
Բայց միայն կամրջի տեսանելիության հարցը չէ, որ հուզում է երկրի ղեկավարին. մեր երկրում «ցավոտ» է նաեւ լուսավորության թեման, ու վարչապետը նաեւ այս հարցով հանձնարարական տվեց. «Լուսավորություն չի նշանակում լույս կախել: Հուշարձանի լուսավորությունն առանձին ոլորտ է. գոյություն ունի լույսի դիզայն, լույսի դիզայներ, եւ պետք է անպայման ամեն ինչ, ինչ անում ենք, անենք պրոֆեսիոնալ մակարդակի»:
Նկատեցի՞ք՝ ինչ սրտացավ են իշխանությունները, որ կամրջի կամ լուսավորության հարցով զբաղվում է ոչ թե տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, ոչ թե համապատասխան նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ոչ թե այդ ոլորտը կարգավորող փոխնախարարը, ոչ էլ անգամ նախարարը, այլ պետության ղեկավարն անձամբ՝ հարցը ներկայացնելով գործադիրի նիստին:
Մինչդեռ նախկին իշխանությունների օրոք նման բան չէիր տեսնի, ավելին՝ 30 տարի առաջ ինչ-որ հուշարձաններ են դրել, եւ այս ընթացքում դրանք այդպես էլ չեն նորոգել: Եվ վարչապետը նաեւ այս խնդիրը բարձրացրեց՝ հանձնարարելով. «Այդ ճանապարհին զուգահեռ ինչ պատմական կամ ոչ պատմական հուշարձաններ կան, որոնք 30 տարի առաջ դրվել են, բայց այս ընթացքում չեն նորոգվել, զուգահեռ այդ գործողություններն էլ անենք»:
Ավելի մեծ սրտացավություն, ավելի մեծ ուշադրություն դժվար է պատկերացնել: Աննախադեպ: Ամենաաննախադեպը Հայաստանի պատմության ընթացքում:
Իսկ եթե լուրջ, ապա մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել ենք նշելու՝ գործող իշխանությունները Հայաստանի առաջ ծառացած խնդիրները սթափ գնահատելու լուրջ խնդիր ունեն: Նրանք պարզապես ի վիճակի չեն ադեկվատ գնահատելու իրողություններն ու մարտահրավերները, այլապես Կառավարության նիստերին նման հարցեր չէին քննարկվի, ոչ էլ նման ելույթներ կհնչեին:
Կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ մարտահրավերների առաջ է այսօր Հայաստանը: Կարիք կա՞ հիշեցնելու, որ այսօր մեր երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն այլ երկիր է ապահովում (թեկուզ այդ երկիրը համարվում է ռազմավարական դաշնակից): Կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում, որտեղ Հայաստանի իշխանությունները գնալով կորցնում են վերահսկողությունը, եւ կրկին հարցը հասել է ռազմավարական դաշնակցի միջամտությանը: Կարիք կա՞ հիշեցնելու սահմանային վերջին միջադեպերի մասին, երբ Ադրբեջանը սիստեմատիկորեն խախտում է հրադադարը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:
Այս համատեքստում խոսվում է, որ ՀՀ իշխանությունները եռակողմ հայտարարություններից դուրս ինչ-որ բանավոր խոստումներ են տվել, ու հիմա եկել է դրանք իրագործելու ժամանակը. ի դեպ, այս մասին խոսվում է բացահայտ, բայց իշխանությունները, հանձին Նիկոլ Փաշինյանի, չեն հերքել այդ լուրերը: Փոխարենը Փաշինյանը հերթական անգամ «մուննաթ է գալիս» բոլորի վրա ու պահանջներ ներկայացնում: Կարիք կա՞ հիշեցնելու Լաչինի միջանցքի շուրջը տեղի ունեցողի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող հերթական գյուղերի բնակիչների տեղահանման խնդրի մասին: Կարիք կա՞ հիշեցնելու, թե Բաքվի բանտերում դեռ քանի ռազմագերի կա (իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ տարի առաջ ասում էր, թե գերության մեջ գտնվող մեր եղբայրները կներեն 1-2 ամիս ավելի մնալու համար): Ցանկը երկար է: Սակայն այս հպանցիկ թվարկումը բավարար է՝ պատկերացում կազմելու, թե ինչ ծանր իրավիճակում է Հայաստանը: Ընդ որում՝ այս իրավիճակը ստեղծվել է գործող իշխանությունների պաշտոնավարման ընթացքում:
Ու նման իրավիճակում Կառավարությունը գործադիրի ղեկավարի մակարդակով քննարկում է հին կամրջի՝ անցորդներին լավ չերեւալու հարցը։ Դրանից առաջ Կառավարության նիստում նա մանրամասն խոսում էր ճանապարհային նշանների ճմռթվածությունից, դրանից շատ ավելի վաղ՝ աղի օգտագործման վնասակարությունից եւ այսպես շարունակ: Կա՛մ ադեկվատ չեն, կա՛մ պարզապես զբաղված են հաց ու տեսարաններ ապահովելով՝ հասարակության ուշադրությունը շեղելու եւ մարդկանց զբաղեցնելու համար:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: