Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զենքի առեւտրի համար պատժամիջոցներ կսահմանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նկատմամբ։ Պետդեպի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ Իրանն անօդաչու թռչող սարքեր է կիրառում եւ տարածում։
Պատելի համոզմամբ՝ դրանք օգտագործվել են ամերիկյան ուժերի, տարածաշրջանային գործընկերների եւ միջազգային նավագնացային ընկերությունների վրա հարձակվելու համար։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի տեղեկություններով` ՌԴ զինվորականները Իրանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ուսուցում են անցել անօդաչուների հետ աշխատելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը մտադիր է մի քանի հարյուր ԱԹՍ տրամադրել ՌԴ-ին։ Վաշինգտոնի տվյալներով`Մոսկվան Թեհրանից հարվածային ԱԹՍ-ներ է խնդրել՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում օգտագործելու նպատակով:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ի պատասխան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ անօդաչուների մատակարարման հարց չի քննարկել։ Երկու պետությունների ղեկավարներն, ըստ Ուշակովի, սոսկ հայեցակարգային հարցեր են շոշափել։