«Շտապօգնություն» ՓԲԸ-ից հայտնել են, որ Երեւանում այս տարվա հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 9-ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 43 հազար 545 կանչ է ստացել։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՓԲԸ-ից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նշված ընթացքում ամենաշատ օրական կանչերը գրանցվել են հուլիսի 18-ին` 846 հեռախոսազանգ։
Չնայած հանրապետության ամբողջ տարածքում պահպանված բարձր ջերմային ֆոնին, երբ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ +41-ի, ամենից շատ կանչեր ստացվել են ո՛չ սրտանոթային հիվանդությունների սրացումների, ո՛չ էլ ջերմային հարվածի հետեւանքով:
Հունիսին եւ հուլիսին գերակշռել են սուր շնչառական վարակները՝ 3644 կանչ, եւ աղիքային վարակները՝ 375 կանչ։ Ամռան առաջին օրվանից մինչեւ օգոստոսի 9-ը շտապօգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել 10 հազար 588 քաղաքացու։
Վերջին հինգ տարիների ընթացքում հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենից շատ կանչեր ստացել է 2020-ին՝ 77 հազար 733: Ենթադրվում է, որ աճը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշով։
2021-ի ամառային երեք ամիսների ընթացքում «Շտապօգնության» ծառայությունը ստացել է 70 հազար 735 կանչ։ 2019 եւ 2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 62 հազար 311 եւ 61 հազար 323 կանչ, իսկ 2017 թվականին՝ 57 հազար 707 կանչ։