ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել անհապաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների խմբից բաղկացած առաքելություն ուղարկելու Զապորոժիեի ատոմակայան։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում լուրջ ճգնաժամի մասին։ Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ին շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն անցկացնելու համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն աջակցել են Ուկրաինայում ՄԱԳԱՏԷ-ի հրատապ առաքելություն անցկացնելու կոչերին, սակայն չի հաջողվել համաձայնության գալ՝ ով է մեղավոր հրետակոծության համար, եւ ով պետք է ստանձնի առաքելությանն աջակցելու պատասխանատվությունը․ Կիեւն ու Մոսկվան պարբերաբար միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի համար։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի աջակցել Զապորոժիեի ատոմակայանի շուրջը տեղի ունեցող դեպքերի ուկրաինական վարկածին։ Ըստ Պոլյանսկու՝ ատոմակայանը պարբերաբար գնդակոծում են ուկրաինական զորքերը՝ միաժամանակ մեղադրելով Մոսկվային:
«Հուսանք՝ տեղի ունեցած քննարկումը, որի ընթացքում, Ռուսաստանի հասցեին մեղադրանքների ամբողջ շեշտադրմամբ հանդերձ, ոչ ոք չաջակցեց իրադարձությունների վերաբերյալ ուկրաինական զառանցանքին, Ուկրաինայի ղեկավարությանը հետ կպահի նոր անխոհեմ սադրանքներից, եւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսիի այցը Զապորոժիեի ԱԷԿ, այնուամենայնիվ, տեղի կունենա ամենամոտ ժամանակներս»,- տելեգրամյան ալիքի գրառման մեջ նշել է Պոլյանսկին։
Օգոստոսի 11-ին ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ-ի եւ Ուկրաինայի զինվորականներին կոչ էր արել «անհապաղ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները ԱԷԿ-ի անմիջական հարեւանությամբ»։
Ուկրաինական Energoatom գործակալությունը հայտնել է, որ նախօրեին հինգ հարված է հասցվել Զապորոժիեի ատոմակայանի վրա, դրանց թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահման վայրի մոտ։
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցեւը հայտնել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել են միջուկային ռեակտորների հովացման համակարգի սարքավորումները, սակայն կարեւոր ենթակառուցվածքները չեն տուժել: Գնդակոծման ժամանակ վնասվել է նաեւ «Կախովսկայա» ենթակայանի բարձրավոլտ գիծը։