Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ այն բանից հետո, երբ Անկարան Ստոկհոլմից պահանջել է մի շարք մարդկանց հանձնել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու դիմաց, Շվեդիայի իշխանությունն առաջին անգամ որոշում է ընդունել արտահանձնել Թուրքիայի քաղաքացու։
Դատապարտել էին քրիստոնեություն ընդունելու եւ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար
Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսնը հայտնել է, որ որոշվել է արտահանձնել բանկային քարտերին առնչվող խարդախության մեղադրանքով 2013 եւ 2016 թվականներին Թուրքիայում 14 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդուն:
Ըստ շվեդական SVT հեռուստաընկերության՝ Շվեդիայում 2021-ին ձերբակալված տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ Թուրքիայում իրեն անարդարացիորեն դատապարտել են քրիստոնեություն ընդունելու, զինվորական ծառայությունից հրաժարվելու եւ քրդական արմատներ ունենալու համար։ Շվեդիայի արդարադատության նախարարությունում չեն նշել՝ արդյո՞ք այդ մարդը եղել է այն անձանց ցուցակում, որոնց արտահանձնումը պահանջել է Թուրքիան:
Շվեդիան ու Ֆինլանդիան չեն կատարում Թուրքիայի պայմանները
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան ու Ֆինլանդիան չեն կատարում այն պայմանները, որոնցով Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությանը։
Նա նշել է, որ երկու պետություններն էլ «Թուրքիայի հետ պայմանավորվածությունների առնչությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել»։ Չավուշօղլուն նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գծով Անկարայի, Հելսինկիի ու Ստոկհոլմի կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան բացահայտել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ժամկետները եւ համոզմունք է հայտնել, որ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնապես կսկսեն անդամակցել ամենաուշը 2023-ի հունիսին: