Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ ատոմակայանի տարածքում Ռուսաստանը հուժկու հարվածներ է հասցրել:
Զելենսկին պաշտոնյաներին հորդորել է հակամարտության ընթացքի ու մանրամասների մասին այլեւս որեւէ տեղեկություն չհաղորդել լրագրողներին:
«Ամպագոռգոռ հայտարարությունների ժամանակը չէ: Որքան քիչ մանրամասներ բացահայտեք մեր պաշտպանական ծրագրերի մասին, այնքան ավելի լավ կլինի այդ պաշտպանական ծրագրերը իրականացնելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի ռազմական ներուժը կուժեղացվի
Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը հայտնել է, որ արեւմտյան երկրները դոնորների համաժողովում խոստացել են ավելի քան մեկուկես միլիարդ եվրո, սարքավորումներ եւ ուսուցում՝ ուժեղացնելու համար Ուկրաինայի ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ պայքարում:
26 դոնոր երկրների գումարը կօգտագործվի զենքի, հրթիռների եւ զինամթերքի մատակարարման, Ուկրաինայի համար զենքի արտադրության ավելացման, ուկրաինացի զինվորների պատրաստման եւ ականազերծման աշխատանքների համար: