2020-ի աշնանային պատերազմի արդյունքներով ու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թե՛ Հայաստանի ու թե՛ Արցախի սուբյեկտայնությունը ազատ անկման մեջ է։ Իսկ գրավիտացիայի օրենքները, ինչպես գիտենք, մեր տարածաշրջանում տնօրինում է Ռուսաստանը։
Զբաղված լինելով ուկրաինական ուղղությամբ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանը երկրորդ պլան է մղել եւ պատրաստ է Ադրբեջանին ու նրա հովանավոր Թուրքիային զիջելու ոչ առանցքային դիրքեր, եթե դրա դեմ կարող է որոշակի ձեռքբերում ունենալ ուկրաինական ճակատում։ Այդ ամենը հիանալի գիտի եւ հասկանում է Իլհամ Ալիեւը, որն ամեն ինչ անում է՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթները շուտափույթ կյանքի կոչելու, նաեւ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։
Մյուս կողմից, անկախ հայտարարություններից, տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւը շտապում է ոչ թե կոնֆլիկտի ամբողջական լուծման ու խաղաղության հաստատման, այլ ամեն կերպ իր դիրքերի ուժեղացման՝ ի հաշիվ Հայաստանի։
Ադրբեջանը հասկանում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում բացառում է կոնֆլիկտի շուտափույթ հանգուցալուծումը եւ այդ իսկ պատճառով ո՛չ հաստատում է ռուս խաղաղապահների մանդատը, ո՛չ էլ ուղիղ առճակատման գնում Ռուսաստանի հետ։ Բացի այդ՝ Ալիեւը նաեւ հասկանում է, որ իրերի ներկա դրությամբ երկարատեւ հեռանկարում Ադրբեջանը հաղթած է, եւ իրենց ձեռնտու չեն խաղաղության պայմանագրի կնքումն ու Հայաստանին վերականգնվելու ռազմավարական ժամանակ տալը։
Դրա փոխարեն Ադրբեջանն ընտրել է Հայաստանն ու Արցախը արյունաքամ անելու ճանապարհը։ Մանավանդ որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանային մոդերատոր եւ «բրոքեր», դեմ չէ Հայաստանի հաշվին զիջումների։ Ի վերջո այս փուլում Ռուսաստանին պետք են նոմինալ քանակի հայեր՝ նոմինալ Ստեփանակերտ կենտրոնով, եւ դա էլ բավական է մոտ ապագայի եւ իր ներկայության լեգիտիմության համար։
Մեկ սար, երկու բլուր, մեկ կամ երկու ճանապարհի գոյություն ընդհանրապես կարեւոր չեն, եւ կարելի է զիջել ցանկացած հարմար գործարքով։ Ադրբեջանի նպատակն, ուրեմն, Հայաստանի եւ նրա ժողովրդին անընդհատ սարսափի, լարվածության, ընկճվածության ու նվաստացման մեջ պահելն է, Արցախը կտոր-կտոր կլանելը, կյանքը դժոխքի վերածելը եւ Հայաստանին նորանոր տարածքային պահանջներ ներկայացնելը։
Դրան զուգահեռ Ադրբեջանը լուռ եւ առանց ավելորդ աղմուկի հնազանդ կատարում է Ռուսաստանի հանքահումքային միջնորդի սուրբ առաքելությունը, երբ եվրոպացիներին խոստանում է եռապատկել ու քառապատկել իր գազի արտահանումը ԵՄ։ Այնինչ թե՛ ԵՄ-ն, թե՛ մնացյալ խաղացողները հասկանում են, որ ադրբեջանական գազամուղներով ի վերջո անցնելու է ռուսական գազը եւ մեծ հաշվով համակերպված են այդ մտքին։ Դիմացը ձմեռ է, եւ սեփական ընտրողների բարեկեցությունը վեր է ցանկացած կոնֆլիկտից ու պատերազմից։
Օրերս հեղինակավոր Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը ղազախական ընկերությունների միջոցով իր Urals բրենդի նավթն է վաճառում Հարավային Եվրոպայի երկրներին՝ այդպիսով շրջանցելով պատժամիջոցներն ու մնալով աննկատ։
Այս համատեքստում, ահա, ստանում ենք սրացում Արցախում, զոհեր ու վիրավորներ եւ վերջնագիր Ադրբեջանի կողմից։ Պահանջն էլ պարզ է։ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը պետք է իրականություն դառնա, եւ Հայաստանը պարտավոր է ժամ առաջ կառուցել ու շահագործել այն՝ հրաժարվելով Արցախը Հայաստանին կապող գործող ճանապարհից։ Խոսքը նաեւ Աղավնո, Բերձոր եւ Ներքին Սուս բնակավայրերը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին է։
Չե՞ն կարդացել, արդյոք, այս համաձայնագիրը ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը։ Իհարկե կարդացել են եւ հավանաբար ուշիմ աշակերտի պես սերտել բոլոր կետերը։ Չգիտե՞ն, արդյոք, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, եւ որքան փորձեն ձգձգել ստանձնած պարտավորությունների կատարումը, այնքան Ադրբեջանը նոր հարձակումների, զոհերի ու տարածքային ձեռքբերումների գնով ստիպելու է կատարել դրանք։ Գիտեն, իհարկե գիտեն, բայց ինչպես պատերազմի են հանգեցրել ու պատերազմ վարել մոլախաղերի սիրահարի պես՝ վաբանկ գնալով եւ խաղադրույքի վերածելով ուրիշների կյանքերն ու իմանալով, որ հաղթելու շանս չկա, այնպես էլ վարվում են հիմա։
Չէ՞ որ պատերազմի պարտությունից հետո իշխանության են մնացել, երկրորդ կյանք ստացել եւ հիմա, առավել, քան երբեւէ, համոզված են, որ իրենք կարող են խաբել մեծ խաղացողներին, կարող են ժամանակ ձգել, կարող են առկախել պայմանավորվածությունները, իսկ դիմացիններն, իհարկե անսպառ համբերություն, ժամանակ ու նյարդեր ունեն։
Ամեն հաջորդ սրացման, զոհերի ու տարածքային կորուստներից հետո իրենց կպահեն այնպես, կարծես բան չի եղել, կարձանագրեն կորուստները, կհոխորտան խաղաղապահների վրա, կմեղադրեն Ռուսաստանին, կաղաչեն Արեւմուտքին ու կրկին կգնան կորցրած ժամանակը վերականգնելու ու քիչ թե շատ տանելի ճանապարհներ շտապ կառուցելու։
Սա է, ահա, ազատ անկումը։ Իշխանության եւ ընդդիմության ապապետական մտածելակերպի, խաղամոլի վարքագծի, բնակչության կյանքերի գնով սեփական «անմեղության ու անպատասխանատվության» քողարկման արկածախնդրության մարմնացումը։ Պետության կառավարման ու մարդկանց կյանքի արժեզրկման ազատ անկում, կառավարության նիստը սոցապ նախարարության ժողովի վերածած ազատ անկում, միջազգային հարաբերությունները պրիմիտիվ շուլերության ու մեկքայլանի առուփախի վերածած ազատ անկում։
Իսկ վճարողը մենք ենք, Հայաստանը, շարքային քաղաքացին, այն քաղաքացին, որ նաեւ ընտրել է այս իշխանություններին։ Ընտրել է ու, միգուցե, կարծել, որ կարելի է նույն խելքով ու նույն գործողություններով ակնկալել այլ արդյունքներ։ Բայց ֆիզիկայի օրենքներին չես խաբի։ Ինքդ քեզ միգուցե խաբես, միգուցե համոզես, որ ոխերիմ դաշնակիցդ կտապալվի, դու գլուխդ կազատես, ֆրանսիական նավերը կբարձրանան Տավրոսի լեռները, բայց, ցավոք, իրականությունն այլ է։
Իրականությունն այն է, որ ամեն արկածախնդիր որոշում ամեն քայլով բերում է նորանոր զոհերի ու կորուստների, որոնք, ցավոք, անընդհատ լինելու են, քանի որ թշնամին հասկացել է, որ ընտրել ես ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն ճանապարհը ու կստանաս թե՛ պատերազմ, թե՛ անարգում եւ թե՛ ազատ անկում՝ անկանխատեսելի ու առավել աղետալի հետեւանքներով։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։