-Այո´, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ, և դավադիր պարտություն ենք կրել,- գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Կարծում եմ, ասվածի քվինտէսենցիան «կազմակերպված պատերազմ» բնորոշումն է։ Բայց ինչո՞ւ դա ասել գրեթե երկու տարի ուշացումով։
Արտակ Զաքարյանը համախմբման եւ միասնաբար գործելու հորդոր է անում հանրության բոլոր էլիտար խմբերին, համայն հայությանը։ Բայց եթե քառասունչորսօրյա պատերազմը մեր դեմ կազմակերպված էր, ի՞նչ իմաստ ուներ մոտ երկու տարի նույն հանրությանը, նույն հայության հատվածներին ներշնչել, որ դա «պայմանավորված պատերազմ» էր։ Ընդ որում՝ բազմիցս հայտարարել, որ այն Նիկոլ Փաշինյանն է «հրահրել»։ Եվ քարոզչական ահռելի միջոցներ ներդնել, որ հատկապես Արցախում իշխի հանրային տրամադրություն, որ «Նիկոլն է ծախել հողերը»։
Պատերազմի բնույթի, ռազմական պարտությունների պատճառների, քաղաքական եւ դիվանագիտական թերացումների մասին քննարկումների փոխարեն մենք ի՞նչ ենք լսել փորձագետներից, վերլուծաբաններից, ընդդիմադիր քաղաքական դաշտից։ Միայն մի բան․ «Նիկոլը եկել է իշխանության, որ հանձնի Արցախը, Հայաստանի տարածքը մասնատի էքստերիտորիալ միջանցքներով եւ ավարտին հասցնի թուրք-ադրբեջանական տանդեմին տված խոստումների կատարումը»։
Այս դիսկուրսը հայության ընկալումների վրա ազդեցություն թողե՞լ է։ Այլուր՝ չգիտեմ, բայց Արցախում հանրության մեծագույն մասը հենց այդպես էլ կարծում է։ Բանը հասնում է աբսուրդի։ Արցախի նախագահը խորհրդարանում հայտարարում է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու հարցը մի քանի անգամ Անվտանգության խորհրդում քննարկվել է, հրավիրվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Մի քանի տարբերակներից ընտրվել է այն, ինչը կառուցվում է, իսկ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը երեւանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում պնդում է, որ «որոշում ընդունել է Նիկոլ Փաշինյանը, Արցախը նոյեմբերի 9-ի Հայտարարության կողմ չէ»։
Սա ի՞նչ է, եթե ոչ փարիսեցիություն, պատասխանատվությունից խուսափում եւ Արցախում հանրային դժգոհություն, բողոքի ալիք հրահրելու փորձ։ Մի քանի օր մամուլում լուր էր շրջանառվում, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հետ այցելել է Բերձոր։ Մոտ մեկ շաբաթ անց Անվտանգության խորհրդի աշխատակազմը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը։ Մի՞թե հնարավոր չէր նույն օրը կարճ հաղորդագրություն տարածել, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցչի հետ Բերձորում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ քննարկել Լաչինի միջանցքում նոր երթուղու կառուցման վերաբերյալ հարցեր։
Չէ՞ որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, նրանց միջեւ քննարկումները, բանակցությունները ոչ միայն «գետնի վրա» իրավիճակի կառավարելիության համար են կարեւոր, այլեւ ունեն քաղաքական մեծ նշանակություն։ Եվ այստեղ ինչ-որ բան ծածուկ պահելու հարկ բոլորովին չկա։ Մարդիկ ավելի վստահ կլինեն, եթե տեղեկացվեն, որ, այո՛, Լաչինի միջանցքի, ենթակառուցվածքների եւ կոմունիկացիաների հարցերով քննարկումներին մասնակցում է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը։ Ի վերջո, ԼՂ կարգավորումն անհնար է պատկերացնել առանց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության։ Իսկ գործընթացը սկսվում է «տեխնիկական բնույթի» հարցերի շուրջ շփումներից։
Հայաստան-Արցախ կոնսենսուսի հնարավոր է հասնել միայն անկեղծ քննարկումների արդյունքում, երբ կողմերից յուրաքանչյուրը կստանձնի իր բաժին պատասխանատվությունը։ Դա նաեւ համախմբման հնարավորություն է։ Այլապես մենք երբեք ընդհանուր հայտարարի չենք գա։ «Կազմակերպված պատերազմ» բնորոշումը, որ ընդդիմության ինտելեկտուալ թեւից շրջանառության մեջ է դրվել, երեւի, այն կես-սանդղակն է, որտեղից պետք է սկսվի իշխանության հետ երկխոսությունը։ Կողմերը պարտավոր են վճռական քայլ անել։ Նաեւ Արցախում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։