Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի կայքում երեկ կարդացի Նիկոլ Փաշինյանի «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» հոդվածը, որը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին։
ԱԺ պատգամավոր Փաշինյանը (2018-ից վարչապետ) հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների հետ հրավիրվել էր Արցախ՝ տեսնելու, թե ինչի վրա են ծախսվել 2016-ի քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բացած հատուկ հաշվեհամարում կուտակված փողերը։
Հոդվածն ինքնին հետաքրքիր չէ, գրված է հաշվետվության ոճով, բայց առիթ տվեց խորհելու Փաշինյանի իշխանության տարիներին հաճախ շրջանառվող (պատերազմից հետո՝ առավել հաճախ) երկու ձեւակերպումների շուրջ՝ «Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է», «Նախորդ իշխանություններն Արցախի չլուծված հարցը գցեցին խեղճ Նիկոլի ջեբը [գրպանը]»։
Մինչեւ վերջ կարդացողը շատ արագ կհասկանա, որ երկու ձեւակերպումներն էլ բոլորովին անհիմն են։ Առաջինը՝ շուրջ 2900 բառանոց հոդվածում ոչ մի խոսք չկա Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին։ Դե, հոդվածն ինչ-որ էքստրեմալ հաշվեհամարից արվող ծախսերի մասին է, հեղինակն ինչո՞ւ պետք է անդրադառնար խաղաղ կարգավորմանը։ Ճիշտ է, բայց հենց այդ ճիշտն էլ հաստատում է, որ նախորդ իշխանությունները չէին կարող նրա գրպանը գցել Արցախի չլուծված հարցը։
Հոդվածը, որ Արաքս-Թալիշ առաջնագծից ստացված վառ տպավորությունների շարադրանք է, չի քննարկում ո՛չ 2016 թվականի քառօրյա պատերազմի պատճառները, ո՛չ այն դադարեցնելու հանգամանքները, ո՛չ էլ մեր ապագա անելիքը՝ բացի զինվորների «լոգանք ընդունելու» հնարավորության եւ տարատեսակ մարտկոցներն արեւային կայաններով լիցքավորելու ստրատեգիական քայլերից։
Այս հոդվածով Փաշինյանը կանխավ հերքել է ապագայում (արդեն որպես վարչապետ) իր արձակելիք ճիչերը եւ դրանցով ձեւավորվելիք աղմուկն առ այն, որ բանակի ֆինանսավորումը մսխել ու կերել են կոռումպացված նախկինները։ Որովհետեւ եթե նա հիացած էր 2016 թվականի ապրիլ-հունիսին 2 միլիարդ 101 միլիոն դրամով կատարված տպավորիչ փոփոխություններով, պետք է նաեւ ընդունած լիներ, որ երկուսուկես ամսում դատարկ տեղում մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարով հնարավոր չէր այնպես զարգացնել եւ զորացնել առաջնագիծը, որ ադրբեջանցիները ձեռ քաշեին պատերազմով հարց լուծելու հեռանկարից։
Այսինքն՝ պաշտպանության նախորդ պատասխանատուները՝ Վազգեն Սարգսյանից մինչեւ Սեյրան Օհանյան-Վիգեն Սարգսյան, ստեղծել էին պաշտպանական մի համակարգ, որը երկու ամսում 2 միլիոն դոլարով կարելի էր այնպես ամրապնդել, որ ընդդիմադիր պատգամավորի բերանը բաց մնար։
Ի՞նչ հետեւություն կարելի է անել։
Եթե Փաշինյանը լիներ Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, Արցախի բարձր ղեկավարության հետ հանդիպումներում առնվազն պետք է հարցներ՝ առանց քաղաքական-դիվանագիտական լուծման ինչի՞ վրա եք դրել հույսը։ Նրանք պիտի ասեին. «Մունք հաղթալ ենք и все!», ինքն էլ, հարազատ Սերժիկի հեղինակային իրավունքը խախտելով, պիտի հարցներ. «Յա, իրո՞ք»։
Բայց եթե նա այդչափ հաշտ, համերաշխ ու գաղափարակից էր Արցախի իշխանությունների հետ, ուրեմն հավանություն էր տալիս նաեւ նրանց երեւանյան բոսերի ռազմավարությանը, որի միակ թերությունը զինվորներին լոգանքի հնարավորությունից զրկելն էր։
Թաթուլ Հակոբյանին պետք է շնորհակալություն հայտնել, որ իր կայքում ոչ միայն տեղադրել է օրվա վարչապետի կերպարի բացահայտման բանալի այս հոդվածը, այլեւ օրերս հիշեցրել Ֆեյսբուքի օգտատերերին մի բան, ինչը չի թաքցնում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բուն էությունը։
Չեմ զարմանա, եթե վերջում հանձնաժողովը պարզի, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում մենք ամոթալի պարտություն ենք կրել զինվորների՝ կանոնավոր լոգանք ընդունել չկարողանալու պատճառով։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։