ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Յենս Լերկեն հայտնել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն այս տարի ամբողջ աշխարհում բախվել է մարդասիրական օգնության ֆինանսավորման ամենամեծ դեֆիցիտին։
«Դեֆիցիտը գերազանցում է 33 միլիարդ դոլարը… Սա պատմության մեջ ամենամեծ ճեղքվածքն է»,- ասել է Լերկեն։ Նա նշել է, որ ամբողջ աշխարհում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է 48,7 միլիարդ դոլար, մինչդեռ մինչ այժմ հավաքվել է ընդամենը 15 միլիարդ դոլար։
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ մարդասիրական օգնության պահանջը շատ ավելի արագ է ավելանում, քան ֆինանսավորումը: Միեւնույն ժամանակ 15 միլիարդը երբեւէ հավաքված ամենամեծ գումարն է։
Յենս Լերկեն նշել է, որ այս պահին աշխարհում ամենալուրջ խնդիրները զինված հակամարտություններն ու կլիմայական փոփոխություններն են, ինչի պատճառով էլ ավելի ու ավելի շատ մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն։