Դավիթն ի ծնե հաշմանդամ է՝ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ), սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի եւ մտավոր զարգացման հապաղում ախտորոշմամբ. չի քայլում, տեսնում եւ խոսում: Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնողական թերապիա անցնել, որի մեկ պարապմունքն առնվազն 5 հազար դրամ է:
Նարինեն պատրաստ էր Հայկասարից տաքսիով Կոշ գյուղ՝ վերականգնողական կենտրոն բերելու երեխային, բայց վարձը կրկնակի բարձրացել է, եւ նա միայն թերապիստների օգնությանն է դիմում:
Նման ախտահարմամբ երեխաների հետ հիմնականում աշխատում են բժիշկ-վերականգնողաբաններ, ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստներ (զարգացնում են մանր շարժողական, առօրյա հմտությունները), խոսքի մասնագետները, հոգեբանները:
Պետք է նկատի ունենալ, որ այս հիվանդության սխալ կամ թերի բուժումը կարող է բարդացնել հիվանդի վիճակը: Ֆինանսների բացակայության պատճառով շատ հաճախ երեխան ստանում է թերի բուժում՝ կորցնելով կյանքի որակի բարելավման հնարավոր հեռանկարը:
Երեխային հասանելիք 37000 դրամ թոշակով Նարինեն չի կարողանում անգամ դեղեր գնել։ Գումարը բավականացնում է միայն տակդիրներին: Նախկինում թոշակն ավելի քիչ էր՝ 27000 դրամ:
«Դպրոցում հավաքարար եմ աշխատում: Երեխային էլ ինձ հետ տանում եմ: Շատ վարկեր ունեմ, որ վերցրել եմ երեխայի դեղերի ու վիրահատության համար»,- ասում է Նարինեն: Վիրաբուժական միջամտությամբ երկարացվել են երեխայի ոտքի ջլերը:
Դավիթի տեսողությունը 50 տոկոս է. պատճառը նյարդերի ձգվածությունն է։ Դեղերը («Բակլոսան», վիտամիններ B6 եւ օմեգա) մայրը գնում է ապառիկ: Պետությունը միայն տրամադրում է «Դեպակին Խրոնո» դեղամիջոցը:
Նման պատմությունները շատ են եւ հանրության համար դարձել են սովորական: Հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց խնամատարները պատշաճ բուժում կազմակերպելու համար ստիպված են գումար փնտրել: Թեեւ տքնաջան աշխատում են, գումարը չի բավականացնում դեղերի ու բուժման համար:
Նարինեն հույս ունի, որ պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կապահովի անհրաժեշտ գումարով, ու թոշակները կբարձրանան:
Այդ հարցի շուրջ մեզ հետ զրույցում պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ թոշակներն արդեն իսկ բարձրացել են, եւ պետությունը պարտավորվել է գալիք տարիների ընթացքում լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները:
«10 հազար դրամով ավելացել է թոշակը, ինչը բավականին մեծ փոփոխություն է: Իհարկե, Կառավարության ծրագրով նախատեսված է տարեցտարի թոշակները բարձրացնել, բայց որ թվականին որքան կբարձրանա, դեռ պետք է քննարկվի»,-ասաց Բաթոյանը:
Ի դեպ, Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 ծրագրով նախատեսվում է ներդնել անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման նոր համակարգ, որը պետք է հաշվի առնի նաեւ կյանքի տեւողությունը նվազեցնող հիվանդություններ ունեցող անձանց եւ երկարաժամկետ կամ մշտական բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող անձանց իրավունքները եւ շահերը։ Սա ինչ-որ կերպ կթեթեւացնի հաշմանդամությամբ մարդկանց եւ նրանց խնամատարների ֆինանսական բեռը: