Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ ներկայացուցչությունից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանը պաշտպանելու, դաշնակիցներին ամրապնդելու եւ հակառակորդներին կասեցնելու համար ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում՝ ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 2400 զինվոր ուղարկելով Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Սլովակիա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա մեծացման մասին:
Բացի վերոնշյալ չորս երկրներից՝ Պենտագոնը հայտնել է Լեհաստանում հինգերորդ բանակային զորակազմի շտաբը, բանակային կայազորի շտաբը եւ դաշտային թիկունքային ապահովման գումարտակը տեղակայելու մտադրության մասին:
Բալթիկայի երկրներում Միացյալ Նահանգները կմեծացնի շրջափոխային ներկայությունը: Այդ փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, օդուժի, հակաօդային պաշտպանության ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի տեղակայում։