ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ճեպազրույցում հերքել է «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետեւ նախ տեղի են ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետեւ՝ պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– շեշտել է նախարարը։
Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաեւ պայթյունից հետո ժամեր անց Երեւանի տարբեր հանրային վայրերում պայթուցիկ նյութերի առկայության մասին հայտնված կեղծ ահազանգերի հետ։
Գերատեսչությունները համագործակցելով կառավարում են իրավիճակը
Արմեն Փամբուխչյանը ճեպազրույցում հավելել է, որ «Սուրմալուի» որոնողափրկարարական աշխատանքները համակարգելու համար կառավարության մակարդակով օպերատիվ շտաբ չի ստեղծվել։
«Բայց մենք ունենք փրկարարական շտաբ, որը պարտադիր ստեղծվում է ցանկացած հրդեհի կամ որեւէ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ։ Այս դեպքում հենց առաջին պահից ստեղծվել է, հենց որ մենք հասկացել ենք միջադեպի բարդությունը»,– նշել է նախարարը։
Փամբուխչյանը հստակեցրել է, որ պետական այլ գերատեսչություններ, մասնավորապես՝ առողջապահության նախարարությունը, օպերատիվ շտաբում ներգրավված չեն, բայց անընդհատ կապի մեջ է ԱԻՆ–ի հետ։ Փամբուխչյանը հավելել է, որ յուրաքանչյուր գերատեսչություն, իր կարիքները գնահատելով, համագործակցելով կարողանում են կառավարել իրավիճակը։