Օգոստոսի 25-ին աշխարհում մարտական գործողություններից տուժած միլիոնավոր փախստականների եւ տեղահանվածների թվին կավելանան եւս 171-ը` Ղարաբաղի Աղավնո գյուղի բնակիչները։ Այս օրերին նրանք տեղափոխում են իրենց իրերն ու լքում տները։
Պետք է հասցնել. երկու շաբաթից տարածքը փոխանցվելու է Ադրբեջանին՝ Հայաստանից Ղարաբաղ տանող Լաչինի միջանցքի լուծարման, ավելի ճիշտ՝ հանձնման շրջանակում։
Նախորդ սրացումն Արցախում կամ Ղարաբաղում՝ կրակոցներ, զոհեր, տարածքների հերթական կորուստ եւ բանակը մարտական պատրաստվածության բերելը, համընկավ Ռուսաստանից պատերազմով պայմանավորված արտագաղթի առաջին ալիքի հետ։
Մարտն էր, հայերը հեգնանքով ասում էին՝ տե՞ղ եք գտել պատերազմից փախչելու: Մենք իսկապես անհանգիստ էինք՝ մի՞թե շուտով հարկ կլինի նաեւ այստեղից հեռանալ։ Բայց հետո մեզ բացատրեցին, որ սա պատերազմ չէ, սա առօրյա կյանքն է, այսինքն՝ պատերազմ է, բայց վերածվել է առօրյա կյանքի:
Այնուհետեւ չորս ամիս համեմատաբար հանգիստ էր, իսկ օգոստոսին վերսկսվեցին հրետակոծությունները։
Ահա մի քանի լուր. «Օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի պաշտպանության բանակի դիրքը Քելբաջար-Վանք հատվածում։ Օգոստոսի 2-ին ադրբեջանական ստորաբաժանումները ռազմական գործողություններ են սկսել միանգամից երեք ուղղությամբ։ Ադրբեջանի ղեկավարությունը սկզբունքորեն որոշել է վերցնել Լաչինի միջանցքը եւ կտրել հաղորդակցությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ։
Առավոտյան ժամը 10-ին «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքն առաջին հարվածը հասցրել է Սարիդաղի բարձունքում գտնվող հայկական դիրքին։ Երկու ժամ անց կրկին հարվածել են: Այս անգամ մարտեր են սկսվել Եղծահող գյուղից դեպի արեւմուտք գտնվող շփման գծում։ Հրետանային հարվածներ են հասցվել ՊԲ դիրքերի ուղղությամբ: Առնվազն յոթ հայ զինծառայող վիրավորվել է: Մարտակերտի մոտ մարտեր են ընթանում։ Մեկ հայ զինծառայող զոհվել է, եւս վեցը՝ վիրավորվել: Արցախի ՊԲ-ն լրացուցիչ ուժեր է տեղափոխում վտանգավոր շրջաններ: Ռուս խաղաղապահները հայկական դիրքերից նախազգուշական կրակ են արձակում»:
Մենք ռուս խաղաղապահների հետ բախվեցինք ավելի շուտ, քան կցանկանայինք: Դեռ ճամփորդությունից առաջ տեղեկություն ունեինք, որ ռուսները լրագրողներին թույլ չեն տալիս այցելել Ղարաբաղ, ընդ որում՝ ոչ միայն ռուս, նաեւ հայ լրագրողներին։
Հենց մեր միկրոավտոբուսի դիմաց նրանք կանգնեցրին մեքենան եւ անմիջապես սկսեցին զննել մեր կարմիր անձնագրերը։
«Լրագրողներին, բլոգերներին եւ ֆոտոլրագրողներին խստիվ արգելվում է մուտք գործել Արցախի տարածք». հակիրճ եւ հստակ: Ես զինված ռուսների արդեն կես տարի չէի տեսել եւ, անկեղծ ասած, այնքան էլ չէի կարոտել։ Սպիտակ խաղաղապահ հանդերձանք, գնդացիր, կուշտ եւ ինքնավստահ դեմք։ Նույնիսկ առանց այս ամենի «արգելված» բառով արդեն ես ամենուր ճանաչում եմ մերոնց։
— Արդյո՞ք սա օրինական է,- հարցրի Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանին, երբ հասանք Ստեփանակերտ:
— Չգիտեմ, մեզ մոտ այդպես ընդունված չէ։ Արցախում նման բան երբեք չի եղել, ամեն ինչ բաց է. ով ցանկացել, եկել է։
Միգուցե դա յուրահատուկ ռուսական մոտեցում է:
-Հայ սահմանապահները նո՞ւյնպես ձեզ ներս չէին թողնում։
— Չէ՛, հայերին ընդհանրապես չէինք հետաքրքրում։
Ռուսական տխուր կրկեսը շարունակվեց Լաչին քաղաքում կամ Բերձորում։ Արցախի/Ղարաբաղի շատ քաղաքներ ունեն երկու անուն՝ հին ու նոր, ադրբեջանական եւ հայկական։
Հենց մեքենայից իջանք հրապարակ, խաղաղապահը տեղացի քաղաքացիական հագուստով ոստիկանի ուղեկցությամբ անմիջապես մոտեցավ ու սկսեց հարցուփորձը. «Փաստաթղթեր։ Այցելության նպատակ: Տեսախցիկով չի կարելի։ Խնդրում եմ, ցո՛ւյց տվեք ձեր հեռախոսները»:
Նա նկարեց մեր անձնագրերը, կարծես թե մենք «Ո՛չ պատերազմին, Պուտինը պետք է հեռանա» պաստառով ցույցի մասնակից լինեինք։
-Ես նկարում եմ միայն աղջիկներին եւ բնություն,- ասաց լուսանկարիչ Յուրան։
Նրանք անհարմար զգացին աղջիկների նկարները նայելու, բայց իմն ուսումնասիրեցին:
Ճամփորդությունից մեկ օր առաջ նյութ էի պատրաստում Երեւանի գրախանութների, այդ թվում՝ Վարդանանց փողոցում Ռուսական գրքի տան մասին եւ գործս հեշտացնելու համար աշխատանքային մի քանի կադրեր էի նկարել: Գրքի տան սրահի պատին աչքի էին զարնում Պատրիարքի եւ Միխայիլ Շվիդկոյի մեծ դիմանկարները, որոնք էլ ես հավերժացրել էի հեռախոսիս մեջ: Այս լուսանկարը տեսնելուց հետո հեռախոսն ինձ շատ արագ վերադարձրին։
Խաղաղապահը մեզ բաց թողեց, բայց մի քանի այլ անձինք վազեցին մեր կողմը. «Ո՞ւր եք գնում։ Եվ ինչ, ինչպես, եկե՛ք պարզենք»։
Ինձ թվաց, թե հայտնվել եմ 2014-ի Դոնեցկի մթնոլորտում՝ հանկարծակի ստուգումներով, դավերով, լրտեսական մոլուցքով, առեւանգումներով եւ ամեն պահի «նկուղ» ընկնելու վտանգով։
Հիշում եմ, թե ինչպես քիչ էր մնում իմ լուսանկարչին կալանավորեին power bank-ը փողոցում բացելու համար: Ասացին, որ նա ուկրաինական լրտես է, իսկ ձեռքինը կրակը կարգավորելու հատուկ սարք է։
«Ուրեմն թաքցրո՛ւ տեսախցիկը, թաքցրո՛ւ հեռախոսը, եւ արագ հեռանանք այստեղից»,- ասացի ես Յուրային: Երբ արդեն մեքենայում էինք, ինչ-որ մեկը դեմքը սեղմեց կողային պատուհանին եւ հարցրեց վարորդին. «Սրանք իսկապե՞ս լավ տղաներ են: Լա՞վն են, թե՞ վատը»: Ճիշտ ամերիկյան ֆիլմի պես:
Մեկնելուց առաջ մտա խանութ՝ ծխախոտ գնելու, եւ անմիջապես վաճառասեղանի հետեւից լսեցի. «Դուք ռուս լրագրող չե՞ք։ Ինձ ռուս լրագրողներ են պետք»։ «Իսկ դուք ի՞նչ եք ուզում, ասե՛ք, ես կփոխանցեմ»։ «Իշխանություններին թող հարցնեն, թե ինչու պետք է հեռանամ. ինչո՞ւ են ադրբեջանցիներին տալիս իմ տունը»։
-Այո՛, իրոք, օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնո գյուղը պետք է հանձնվեն ադրբեջանական կողմին,- ասում է Խանումյանը,- դա այդպես է։
-Ի՞նչ կլինի ժողովրդի հետ:
-Կլինի այն, ինչ եղավ նրանց հետ, որոնք կորցրել էին իրենց տները:
Պատերազմի հետեւանքով տեղահանվել էր 42 հազար մարդ: Նրանցից 16 հազարն այժմ բնակվում է Արցախում, մնացած 26 հազարը՝ Հայաստանի տարբեր վայրերում։ Իհարկե, սա ողբերգություն է։
Ողբերգության նախապատմությունը հետեւյալն է. 2020 թվականին արյունալի պատերազմից հետո պարտված Հայաստանի հետ կնքված պայմանագրով Լաչինի միջանցքը պետք է լուծարվի։ Երեք տարվա ընթացքում պետք է համաձայնեցվի դեպի հարավ նոր ճանապարհի կառուցումը։ Բայց ճանապարհը դեռ պատրաստ չէ, երեք տարին էլ չի լրացել, իսկ ադրբեջանական կողմը հրետակոծություններով ու քաղաքական ճնշումներով այսօր ստիպում է Արցախի իշխանություններին հրաժարվել Լաչինից եւ Աղավնոյից։ Զուտ հոգեբանորեն մարդիկ սա ընկալում են ոչ թե որպես պարտված պատերազմի հետեւանք, այլ որպես պարտություն, որը կրում են հենց հիմա։
Սկզբունքորեն դա այդպես է: Աղավնո գյուղում զրուցել եմ ուսուցչուհի Նինա Հարությունյանի հետ: Ահա թե ինչպես է նա իմացել, որ շուտով զրկվելու է տնից: «Օգոստոսի 5-ին գեղեցիկ հագնվեցի ու որոշեցի գնալ սրճարան՝ կարկանդակ վայելելու: Աշակերտներիցս մեկի մայրը զանգեց ինձ եւ ասաց. «Գիտե՞ք, գյուղը տալիս են։ Որոշումն արդեն ընդունված է»։
-Իսկ դուք ի՞նչ արեցիք։
-Ես անմիջապես եկա Աղավնո։ Վերջին օրերն են, երբ գյուղի երեխաները բոլորը միասին են, բաժանվելուց առաջ նրանց բոլորին տեսնելու վերջին հնարավորությունն է։
Երեկոյան Նինայի ու նրա երեխաների հետ նստել ենք խարույկի շուրջը՝ փոքրիկ, բայց փոթորկուն Հակարի գետի ափին։ Երեխաները լոտոյի պես մի բան են խաղում, կողքից մեզ են հասնում հայկական ռեփի հնչյունները։ Ադրբեջանցիների հետ շփման գիծն այստեղից մոտ երկու կիլոմետր է հեռու։ Նրանք մի փոքր բարձր են՝ լեռներում, եւ ամենայն հավանականությամբ տեսնում են մեզ:
Հետհաշվարկը սկսվել է. տասնինը օրից ոչ մի Աղավնո այստեղ չի լինի, փոխարենը կլինի Զաբուխը. այս վայրի ադրբեջանական անվանումն է:
Նինան անգլերեն է դասավանդում։ Առավոտյան նրա տան մոտով անցնելիս հյուսքով մի փոքրիկ աղջիկ բարեւում է ու ասում. «How are you?» «Ինչպե՞ս ես»: Նինայի աչքերը արցունքոտ են։ Վատ, աղջիկս, վատ,- պատասխանում է Նինան:
Ընթացիկ հաղորդագրություններից. «Օգոստոսի 5-ին Արցախի տարածքում ինտենսիվ մարտական գործողություններ են ծավալվել ադրբեջանական զինուժի եւ Արցախի պաշտպանության բանակի միջեւ, երկու կողմից կան զոհեր։ Զինված բախումների հետեւանքով, որոնց ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է ավիացիա, հրետանի, ականանետներ, մի քանի բարձունքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Վիրտուալ իրականությունը գերազանցում է իրականին։ Միացնում եմ iPhone-ը. այն ինձ ցույց է տալիս Ադրբեջանի եղանակը եւ ադրբեջանական գովազդները։ Բրաուզերը բացում է google.az-ը, ոչ թե google.am-ը: ԱՐԴԵՆ բոլորն այս տարածքը համարում են ադրբեջանական։
Օկուպացիան կայացած փաստ է: Ամբողջ աշխարհը վստահ է, որ Աղավնո վաղուց չկա։ Բայց այն կա, ահա այստեղ ապրում է 171 մարդ։
Մեր դիմաց՝ մեզնից երկու տուն այն կողմ, իրեր են բարձում բեռնատարի վրա։ Կողքին կանգնած է տանտիրուհին՝ Հասմիկը։ Հասմիկը այրի է, ամուսինը զոհվել է վերջին պատերազմում, մնացել են հինգ երեխաները: Տեղափոխում են պահարաններ, մանկական գրքեր, նոթատետրեր, վերմակներ, բարձեր, ջրի ճկուն խողովակներ։ Սպասքը եւ այլ պարագաները տանում են աղբարկղ։ Բեռնատարը փոքր է, շատ բան չի տեղավորվի:
Հասմիկը տեղափոխվում է Ասկերան, այն նույնպես այստեղ է՝ Ղարաբաղում։ Բնակավայր փնտրում են այն սկզբունքով, որ նորից ստիպված չլինեն տեղափոխվել։ Կամ գոնե՝ ո՛չ վաղը: Անգամ սա ոչ բոլորին է հաջողվում։
Բոլոր մեկնողներին իշխանությունները խոստացել են մոտ 20 հազար դոլար։ Մի կողմից լավ է։ Մյուս կողմից՝ վերջին վեց ամիսների ընթացքում գները կտրուկ բարձրացել են, եւ այս գումարով դժվար թե հնարավոր լինի ինչ-որ հարմար բան գնել, հատկապես մեծ ընտանիքի համար։ Այդ գումարը կբավականացնի միայն սահմանամերձ այլ գյուղեր տեղափոխվելուն։
Դրանում մեղավոր են ինձ նման մարդիկ։ Հայաստանում անշարժ գույքի գները կտրուկ բարձրացան, քանի որ մենք՝ ռուսներս, եկանք։ Համեմատության համար ներկայացնեմ՝ հունվարին Երեւանում 30 քմ առանց օդորակիչի, հին կահույքով եւ չաշխատող սարքերով տունը կարող էր արժենալ 130 հազար դրամ։ Մարտին արդեն 180 հազար դրամ էր. սա դեռ միայն վարձակալությունը: Վաճառքի գները նույնպես թռիչքային աճ գրանցեցին։
Քաղաքը լցված է մարդկանցով։ Ինչպես ինձ ասաց ռիելթորը (չգիտես ինչու նրանց այստեղ բրոքեր են անվանում), հարցը միայն փողը չէ։ Պարզապես Երեւանում այդքան բնակարան չկա, այն փոքր քաղաք է եւ հարմարեցված չէ մեծ թվով այցելուների համար: Այլ վայրերում մի փոքր ավելի հեշտ է, բայց նույնպես խիտ են: Հայաստանը առաձգական չէ։
Աղավնոյի գյուղապետը՝ թուխ դեմքով ու ամուր ուսերով Անդրանիկ Չաուշյանը, ունի շատ փոքր երեխաներ։ Մենք նստած ենք նրա տան հետեւում գտնվող խաղողի վազով ծածկված տաղավարում։ Անդրանիկը տանկի պես հանգիստ է, ոչ մի մկան չի շարժվում: Բայց ես գիտեմ, որ երեկ, երբ հայտարարեցին գյուղը հանձնելու մասին, նրա սիրտը վատացել էր, բժիշկ էին կանչել։ Գյուղում շատերը հրաժարվում են ռուսների հետ խոսելուց, դա ռուսական կոնտինգենտի պատճառով է։ Անդրանիկը համաձայնեց: Նա ասաց.
— Մենք պետք է պաշտպանվեինք: Բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հույս էինք կապել Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը հիմա իր պարտավորությունները չի կատարում։
-Ի՞նչ եք պատրաստվում անելու։
-Դեռ չգիտեմ։ Եթե մոտակայքում հայկական տանկեր լինեին, մենք կդիմադրեինք:
Մեկ օր անց լուրերից տեղեկացա, որ Անդրանիկը խնդրել է զենք տալ գյուղացիներին։ Բնականաբար նրան մերժել են։
-Տանկեր չկան, Հայաստանը չի պաշտպանում այս գյուղը, իսկ սահմանից այն կողմ թուրքական հատուկ ջոկատայիններ են։ Ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական: Նրանք չեն էլ թաքցնում: Մենք տեսանք նույնականացման նշաններ, տեսանք դրոշներ։ Եթե մնանք այստեղ, հատուկ ջոկատայինները կմտնեն, ու կսկսվի ջարդը։ Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել:
Անդրանիկը ստիպված է տեղափոխվել արդեն երրորդ անգամ եւ, ըստ ամենայնի, ո՛չ վերջին։ Նա Սիրիայից է, այնտեղից փախել է Լիբանան, Լիբանանից՝ այստեղ։ Ղարաբաղում շատ կան նման մարդիկ:
Երեկոյան ես եւ Յուրան նայում ենք լուսանկարները։ Ասում եմ. «Նայի՛ր նրանց հանգիստ դեմքերին. Մեզ ոչ ոք չի հավատա, որ այս մարդիկ ողբերգություն են ապրում, որ նրանց դուրս են հանում իրենց տներից»:
Նինան նույնպես նայում է եւ ասում. «Պարզապես նրանք ընտելացել են»:
-Իսկ երեխանե՞րը:
-Երեխաներն էլ են ընտելացել: Բերձորից մի քանի երեխա մեզ մոտ են սովորում։ Նրանց ստիպված ավելի շուտ ենք տուն ուղարկում, քանի որ ադրբեջանական շարասյունը շաբաթը երկու-երեք անգամ անցնում է այդ ճանապարհով։ Պետք է հասցնել մինչ նրանց անցնելը: Այսինքն՝ երեխաները հասկանում են՝ ինչ է կատարվում։ Գիշերային ժամերին այստեղ երբեմն թռչում են հետախուզական անօդաչու սարքեր: Սա առօրյա է, մի բան, որով մենք ապրում ենք ամեն օր:
-Իսկ ի՞նչ շարասյուն է:
-Զինվորական: Երբեմն կարող եք ընկնել դրա տակ: Ընկերներիս հետ է պատահել. ադրբեջանցիները նրանց մեքենան հրել էին անդունդի կողմը։ Փառք Աստծո, բոլորը ողջ են, բայց հասկանում ես նրանց վիճակը։ Ես եւ մեկ ուսուցիչ նույնպես մի անգամ նրանց ծուղակում հայտնվեցինք։
Այսօր առավոտյան լուրերում նույնպես կրակոցների մասին հայտնեցին: Ադրբեջանը գրավեց եւս երկու բարձունք՝ գուցե աննշան թվացող։ Խանումյանն այս լուրը մեկնաբանեց այսպես. «Վտանգավորը ոչ թե եւս մեկ բարձունք գրավելու փաստն է, այլ այն, որ սահմանը գնալով նեղանում է։ Դա նույնն է, երբ խեղդում են մարդուն ու մատներն ավելի ու ավելի են մոտեցնում կոկորդին: Դա նաեւ շանտաժ է։ Կարծես մեզ ասում են՝ ավելի լավ է հողը ինքներդ տաք, այլապես չենք թողնի, որ ապրեք»:
Ես հարցնում եմ Նինային. «Մի՞թե դա հնարավոր է, չէ՞ որ ռուսներն այնտեղ են: Ինչո՞ւ էին նրանց թողնում մոտենալ բարձունքներին»:
-Ինձ էլ է հետաքրքրում։ Արդեն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կրակել են այն վայրերում, որտեղ խաղաղապահներ կան։ Եղել է դեպք, երբ կրակել են բեռնատարի վրա, որի մի կողմում հայ էր նստած, մյուսում՝ խաղաղապահ։ Եվ նույնիսկ բեկորները վնասել էին խաղաղապահին, բայց Ռուսաստանը հանգիստ կուլ տվեց դա։
Ռուսների մեջ էլ կային զոհեր, բայց բնականաբար ռուսական լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չեն գրել։ Ադրբեջանական զորքերն անում են այն, ինչ ուզում են: Ռուսական բանակն այս տարածաշրջանում կշիռ չունի։
-Հայերը սա հասկանո՞ւմ են:
-Իհարկե: «Ռոսիա-1» հեռուստաալիքը դիտող ավագ սերունդն անկոտրում է, բայց Արցախի երիտասարդության մեջ հակառուսական տրամադրություններն ավելի ու ավելի շատ են։ Նախկինում այդպես չէր։ Մենք մտածում էինք՝ այո՛, Ռուսաստանն է մեղավոր, 2020-ի պատերազմի ժամանակ նա իրեն ահավոր վատ պահեց, իրականում հրահրեց, վտանգի ենթարկեց մեզ, բայց պետք է շնորհակալ լինենք, որովհետեւ այստեղ են նրանց խաղաղապահները, եւ հիմա Արցախում հանգիստ է։ Բայց իրականում հանգիստ չէ:
Մոտավորապես նույնն է ասում նաեւ Խանումյանը. «Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը նկատելիորեն պասիվացավ. մենք դա զգում ենք։ Իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է։ Շարունակ վերջնագրեր է ներկայացնում թե՛ մեզ, թե՛ ռուսներին։ Շոյգուն զանգում է Բաքու եւ ասում, որ պետք է դադարեցնել էսկալացիան։ Ի պատասխան՝ անմիջապես հաջորդում է անօդաչու սարքերի հարձակումը։ Այսինքն՝ արհամարհաբար ցուցադրում են, որ Ռուսաստանի կարծիքն իրենց համար որևէ նշանակություն չունի»։
Այսուհանդերձ, նրանք իրենց չափազանց լկտի ու տիրոջ պես են պահում։ Ինչպես ռազմական ոստիկանությունը օկուպացված տարածքում։ Իսկ երբեմն նույնիսկ վիրավորական է: Արդեն Երեւանում ղարաբաղցի բժիշկ Արմենն ինձ ասաց. «Կանգնել եմ պահակակետում, իջել եմ մեքենայից։ Խաղաղապահը գալիս է ու ասում. «Շուտ նստի՛ր մեքենան»։ «Ինչո՞ւ: Սա իմ հողն է»։ «Քոնը լիներ, մենք այստեղ չէինք լինի»։
Մի երեկո Աղավնոյի մատույցներում հանդիպեցինք ռուսական մի БТР-ի, որը սրընթաց անցնում էր գյուղի միջով, ներսում նստած էր սպորտային տաբատով խաղաղապահը: Քառակուսի, հսկա արտաքինով երկրորդը՝ ավտոմատով ու ամբողջ հանդերձանքով, ցատկեց վեր եւ պահանջկոտ հարցրեց մեզ:
-Տեղացի՞ եք:
-Այո՛, տեղացի ենք,- ասացի ես:
Էդքան համարձակ ադրբեջանցիների հետ լինեիք: Նրանք անում են ամեն ինչ՝ բացի նրանից, ինչի համար իրենց կանչել են այստեղ: Բերձորից Ստեփանակերտ տանող ճանապարհին մեզ կանգնեցրեց խաղաղապահը։ Նա խնդրեց բացել պատուհանը։ Ես արդեն անձնագիրս էի պատրաստում, սակայն դրա կարիքը չեղավ: Նա մի տաք տոպրակ տվեց մեզ, կարկանդակներ էին՝ կարծես խնձորով, եւ ասաց.
— Փոխանցե՛ք հաջորդ պահակակետում:
Նույն մայրուղու վրա, միայն հակառակ ուղղությամբ, եթե ուշադիր նայեք, ճանապարհի եզրին խանութ կա։ Խանութի վրա ծածանվում է խորհրդային դրոշ։ Դե, ո՛չ խորհրդային, իհարկե։ Կարմիր եւ «ԽՍՀՄ» մակագրությամբ։ Պատին գրված է. «Հաղթանակն այնտեղ է, որտեղ մենք ենք», ստորագրությունը՝ «Ծովային հետեւազոր»։ Դե լավ, տղե՛րք, ի՜նչ հաղթանակ…
Գյուղից դուրս գալիս մեզ մի կարմիր «Ռաֆ» հավասարվեց, առջեւում իրերով բարձված բեռնատարն էր։ «Ռաֆ»-ի վարորդի կողքին նստած էր Հասմիկը։ Նա ժպտաց, գոհ տեսք ուներ: Ես գիտեմ, թե ինչու: Նա ուժեղ կին է: Ամեն ինչ հաղթահարեց, հասցրեց: Կարող էր եւ շատ ավելի վատ լինել։
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։