Իլհամ Ալիեւը Հայաստանի մասին խոսում է, ինչպես կխոսեր անկյուն քշված մեկի մասին, որն էլ տեղ չունի գնալու։ «Առաջիկա շաբաթներին Հայաստանից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը»,- լրագրողներին ասել է Իլհամ Ալիեւը։
Ալիեւին լսելուց հետո միջին վիճակագրական հայը կարող է մտածել, որ Հայաստանն իրենից այնքան ոչինչ չի ներկայացնում, որ արդեն իր տարածքից պիտի Ադրբեջանին կտորներ տա պարզապես Ադրբեջանի պահանջով։ Այնքան ոչինչ չի ներկայացնում Հայաստանը, որ այդ կտորները ստանալու համար պատերազմ սկսելու կարիք էլ չկա։ Ադրբեջանն ուզում է ասել, որ այսպիսի Հայաստանի ատամները հաշված են։
Այսինքն՝ Ալիեւը Հայաստանի մասին մի բան գիտի, որը մենք չենք գիտակցում։ Նա գիտի, որ մեր կամքը ոչինչ չի որոշում, որ իբրեւ քաղաքական միավոր մենք գոյություն չունենք։ Դիցուք, ասում է, թե Հայաստանն ինչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, ղարաբաղցիները մեր խնդիրն են։ Այսինքն՝ էլ Մինսկի խումբ չկա։
Իրականում ի՞նչ է անում Ալիեւը։ Ալիեւը շտապում է։ Նա շտապում է բոլոր հարցերը լուծել առանց Մինսկի խմբի, միանգամից Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունով, քանի դեռ Ամերիկան ու Ֆրանսիան ձեռքը սեղանին չեն խփել ու չեն ասել՝ ինչքան ուժեղ պետություն խաղացիր, հերիք է։
Կխփե՞ն ձեռքը սեղանին Մինսկի խմբի երկու պետությունները։ Անկասկած կխփեն։ Որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան այս տարածաշրջանում չափազանց հեռու գնացին։ Նրանք արդեն ուժ են, այստեղից դուրս են մղել բոլորին։
Այն, թե ինչպես Հայաստանը հասավ այս օրին, առանձին թեմա է։ Բայց 21-րդ դարում հասնել էս վիճակին, գրեթե աննախադեպ է, ու մենք արեցինք այդ աննախադեպ քայլը։
Հայաստանն ունի՞ սեփական քայլ այս դրությունից դուրս գալու։ Ցավոք, ո՛չ։ Որովհետեւ քաղաքական միավորի իր դերը կորցրել է 2020-ի սեպտեմբերի 26-ին։ Հիմա Իրանն է իր կողմից ասում, որ սահմանների փոփոխություն թույլ չի տալու, Ամերիկան է իր կողմից ասում, որ Ադրբեջանը չպետք է Հայաստանի ուղղությամբ որեւէ փամփուշտ կրակի, Ռուսաստանն է իր կողմից ասում, թե ինչպես պիտի գծվի Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիոն ճանապարհը։
Իսկ ի՞նչ է ասում հայը։ Հայը լռում է։ Ուրիշ ի՞նչ պիտի անի անկյուն քշվածը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: