Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ Ֆինլանդիան մտադիր է ռուսաստանցիների համար կրճատել հայտեր տալու եւ Շենգենյան այցագրեր ստանալու հնարավորությունները:
Ֆիննական YIe հեռուստաալիքի եթերում նախարարը պատմել է, որ ֆիննական այցագրեր ստանալու համար ռուսաստանցիներից ամեն օր ստացվում է շուրջ 1000 դիմում։ Հաավիստոն ասել է, որ ապագայում այդ թիվը կարելի է կրճատել՝ օրական հասցնելով 100-200-ի:
Ըստ նրա՝ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն մշակում է հատուկ մոդել, որի առաջնահերթությունը կտրվի այն հայտատուներին, որոնք այցագրի համար դիմում են ընտանեկան հանգամանքների, աշխատանքի կամ ուսման հարցերով:
«Ես կարծում եմ, որ նման որոշումը միանգամայն խելամիտ կլիներ»,- հավելել է Ֆինլանդիայի արտգործնախարարը: Հաավիստոն նշել է, որ ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ անհրաժեշտ է ԵՄ-ի մակարդակով ընդհանուր դիրքորոշում մշակել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ֆինլանդիան ընդունակ է որոշում ընդունելու ազգային մակարդակով։