Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված եւս 5 նավ: Հացահատիկի մատակարարման շրջանակում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի, դրանց թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ։
Կողմերը գոհունակություն են հայտնել հացահատիկի տեղափոխման հարցում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ հացահատիկային միջանցքի համատեղ համակարգող կենտրոնի գործունեությունից։
Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ Համաձայնագրի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն: