Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովի բացմանը հեռավար մասնակցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում։
Պուտինը հայտարարել է նաեւ, որ Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի նման համակարգ ստեղծելու Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Անդրադառնալով Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին՝ Պուտինը նշել է, որ դա ոչ թե առանձին քաղաքական գործչի անպատասխանատու քայլ էր, այլ իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու ԱՄՆ-ի նպատակաուղղված քաղաքականություն, «մանրակրկիտ ծրագրված սադրանք, ուրիշ երկրների ինքնիշխանությունը չհարգելու լկտի ցուցադրություն»։
Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին ավելի վաղ դատապարտել է Փելոսիի այցը Թայվան եւ որակել «քաղաքական սադրանք եւ ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ», ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
ԱՄՆ վարչակազմը Պեկինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «Մեկ Չինաստան» քաղաքականությունից չի հրաժարվում, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը որոշումներ է ընդունում ինքնուրույն: