Ըստ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի՝ չի բացառվում, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 16-ի՝ 17:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած կարող են համարվել հետեւյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյանը, Վանիկ Ամիրխանյանը եւ 1981-ին ծնված Կսենիա Բադալյանը։
Շենք հնարավոր չէ մուտք գործել․ փոխնախարար
ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի կանգուն հատվածում, որտեղ հովացման աշխատանքներ են ընթանում, պայթյունի վտանգ չկա, սակայն հնարավոր ծխացող օջախների վտանգ կա։
Ըստ փոխնախարարի՝ շենք հնարավոր չէ մուտք գործել, վտանգավոր է փրկարարների համար, որոշ հեռավորությունից տեսադիտարկվում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Համբարյանը նշել է, որ տարածքի համար պատասխանատու անձանց հետ աշխատանքներ են կատարվում, որպեսզի շենքի հատակագծով պայմանավորված հարցեր չլինեն։
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ Ավանեսյան
Երեւանի «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, որոնցից ներկայում ստացիոնար բուժում է ստանում 7 մարդ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացիներին։
Ըստ նախարարի` բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան եւ տուն վերադառնան: