Սարգիս Հովսեփյանի Հանդարտություն (2022) վեպի գործողություններն ընդգրկում են Հայաստանի անկախության երեք տասնամյակները՝ սկիզբ առնելով 1990-ականների կեսերից եւ հասնելով մինչեւ 2018 թվականը։ Հանդարտությունը Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների մեջտեղում է հանգրվանել, եւ եթե վեպի վերնագրի հեղինակային մտահղացումը նույնիսկ ուրիշ նպատակադրում ունի եւ իր հերոսի որոշակի ապրումների բանաձեւումն է, ապա այն նաեւ ժամանակաշրջանի կռահված անվանում կարող է լինել, եթե վեպը ոչ թե միջանձնային դրամայի, այլ պատմական կոնտեքստում դիտարկվի։
Կառուցվածքի առումով Հանդարտությունը ժամանակային երկու զուգահեռներում է ծավալվում. մեկը 2018 թվականի հեղափոխական իրադարձություններն են, մյուսը՝ 1990-ականների հետպատերազմյան ժամանակները։ Սկզբում մենք հանդիպում ենք երկու գլխավոր կերպարներին՝ Բենին եւ Տուրոյին, որոնք վաղեմի ընկերներ են, հետո ֆլեշ-բեքերի միջոցով ծանոթանում այդ ընկերության պատմությանը։ Վեպի վերջին գլուխներում զուգահեռ ժամանակները նույնանում են ներկայի մեջ։
Վեպը երրորդ դեմքով է գրված, սակայն պատմողը հիմնականում կերպարներից մեկի՝ Բենի աչքերով է դիտարկում իրականությունը։ Տուրոն հայտնվում է, երբ Բենը հանդիպում է նրան կամ մտածում է նրա մասին։ Այս օրինաչափությունը սասանվում է միայն վեպի վերջին հատվածում, երբ, ինչպես ասացի, ժամանակային զուգահեռները հարթվում են։ Եթե այս կերպարներին շատ ընդհանուր բնութագիր տանք, ապա Բենն ավելի մտածող, հայեցող, կասկածող կերպար է, ով դժվար է գործողությունների գնում, իսկ Տուրոն, ընդհակառակը, շատ ավելի գործողության մարդ է։ Բայց երբ պատմողը փոխում է իր դիտակետը՝ պայմանական տեսախցիկը Բենից տեղափոխելով Տուրոյի վրա, հանկարծ Բենն է սկսում գործողությունների գնալ, իսկ Տուրոն շվարում է։
Ընդհանրապես տպավորություն է, որ գրողը կերպարաստեղծման դասական՝ դոստոեւսկիական համարվող ճանապարհով է գնացել, երբ մի պայմանական մարդու տարբեր ես-երը բաժանելով կերպարներ է ստեղծում, որոնք ոչ թե ներքին երկխոսությունների, այլ գործողությունների միջոցով են հարաբերվում միմյանց հետ։
Արդյունքը բազմաձայնությունն է, որը վեպի ժանրի կարեւոր հատկանիշներից է համարվում։ Սարգիս Հովսեփյանն այս հնարը ֆորմալ առումով բավականին հմուտ է օգտագործում, սակայն կերպարների խոսքերը, ընդ որում, ոչ միայն երկու գլխավորներինը, այլ նաեւ երկրորդականներինը՝ անկախ սեռից, շատ նման են իրար։
Սա երեւի վիպական ինչ-որ օրենքներով թերություն կարելի էր համարել, բայց տեքստն այնքան սահուն ու ներքաշող է, որ բազմաձայնության բազմալեզու կիրառումը կարող էր նույնիսկ արհեստականորեն բարդացնել պատումը։
Հանդարտության իրադարձությունները հիմնականում ծավալվում են Երեւանում։ Ֆլեշ-բեքերի միջոցով վեպի սկզբում ընթերցողը մի պահ հայտնվում է Ղուբաթլիում եւ կերպարների հետ տուն է քանդում՝ շինանյութը վաճառելու համար։ Հետագայում վեպի տարածքը գրեթե ամբողջությամբ դառնում է Երեւան քաղաքը՝ իր մանրամասներով՝ հուշահամալիրներ, կամուրջներ, թաղամասեր, փողոցներ, քաղմասներ, հիվանդանոցներ եւ այլն։ Քաղաքի հետեւողական քարտեզագրումը կարծես հեղինակի համար սկզբունքային մարտավարություն է՝ վավերագրել տարածությունը՝ մշակութային առումով ամրագրելով դրա պատկանելությունը այն մարդկանց, ում մասին գրում է Հովսեփյանը։
Եթե գրականագիտական դասական դիտարկումներից ու բնութագրումներից անցում կատարեմ դեպի դիտարկումների ու բնութագրումների ավելի անկաշկանդ հարթություն, ապա կասեմ, որ Սարգիս Հովսեփյանի Հանդարտությունը տղամարդկանց՝ Բենի եւ Տուրոյի մտերմության պատմությունն է։ Նման հարաբերությունները հայոց ավանդապաշտ փողոցն անվանում է ախպերություն։ Պատահական չէ, որ կերպարներն իրենց ամբողջական անուններով հանդես չեն գալիս. նրանց անունները թաղային կրճատումներ են կրել. Ռուբենինը՝ Բեն, Արթուրինը՝ Տուրո։
Ախպերության պատմությունը սկսվում է 1990-ականների բանակային կյանքից, անցնում բազում փորձությունների միջով՝ ամրագրվելով ամոթով, մեղքով, վրեժխնդրությամբ ու մի շարք համատեղ զանցանքներով։ Այս ախպերությունը վերապրում է բոլոր հնարավոր ու անհնարին փորձությունները՝ մոտենալով փոփոխվող ժամանակների սահմանագծին։ Դրա պատմական անունը հեղափոխություն է, բայց Բենի ու Տուրոյի մասնակցությունը քաղաքական այդ իրադարձությանը սեփական պանյատներով է պայմանավորված. նրանք մասնակցում են ժողովրդական շարժմանը, որովհետեւ մարդամեկը իրա խոսքի տերը չեղավ, մյուս մարդամեկը քայլ արեց ու անցավ փշալարերի վրայով, իրենցից մեկը երեխեք ունի ու երեխեքի համար է վիզ դնում, մյուսը փողոց դուրս եկած ջահելներին մենթերից պաշտպանելն է կարեւորում եւ այլն։
Նրանք գիտեն կամ զգում են, որ քաղաքական սպասվող սերնդափոխության արդյունքում ոչ մի լավ բան չի սպասվում, քանի որ իրենք սովոր էին իրենցը քերել հետսովետական կիսագողական հարաբերությունների եւ այդ հարաբերությունները հարգող վերնախավի պայմաններում։ Բայց նաեւ բնազդով զգում են, որ ժամանակի դեմ չես կռվի, ու սկսում են օժանդակել փոփոխությունների մի հեղեղի, որը նաեւ իրենց ու իրենց նմաններին է կուլ տալու։
Եթե հեղափոխությունն ախպերության քայքայման պատմական եզրագիծն է, ապա երկու գլխավոր կերպարների հարաբերություններում հայտնված ազատամիտ ու ինքնաբավ կինը՝ բուժաշխատող Ժաննան, դառնում է միջանձնային դրամայի պատճառը։
Կերպարներից մեկը՝ Տուրոն, ամուսնացած է, երեխաներ ունի, նրա կինը՝ Մարգոն, Բենի համար քրոջ պես է, սեղան է դնում, հավաքում, հիվանդանոց է այցելում ու սպիտակեղեն հասցնում, ըմբռնումով է մոտենում Տուրոյի լեվի գնալու պարբերական զանցանքներին։ Իսկ Բենը մի անգամ անհաջող ամուսնացել է, կինը դեռ չծնված երեխայի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել, եւ Բենը նրանց հետ ոչ մի կապ չի պահպանում։ Տուրոյի բնութագրմամբ Բենի նախկին կինը լիրբ էր, որովհետեւ չի համակերպվել ախպերության վերուդիրին։ Բայց նաեւ չի փորձել խաթարել տղամարդկանց անբիծ մտերմությունը։ Բենի կյանքում հայտնված նոր կինը՝ Ժաննան, այդքան անշառ չէ։ Տուրոն միանգամից զգում է, որ Ժաննան ավելի վտանգավոր լիրբ է, ու նրա հայտնությունը Բենի կյանքում սպառնում է ախպերության ամուր կապերին։ Սկզբում նրան հաջողվում է բաժանել զույգին, բայց հետո զույգը վերամիավորվելու նոր փորձեր է անում, ինչը լավ չի ավարտվում ախպերության համար․․․
Հանդարտությունը փոփոխվող ժամանակների ու հարաբերությունների մասին վեպ է, եթե կուզեք՝ ռեքվիեմ։ Տղամարդկանց մտերմության մի պատմություն, որի մասին մեզանում գեղարվեստական գրականություն սովորաբար չի ստեղծվում։ Եթե անդրադառնում են էլ, ապա ախպերության ենթամշակույթը գրոտեսկի ենթարկելու նոտաներով։ Սարգիս Հովսեփյանը վերցրել ու ռոմանտիզացրել է այդ հարաբերությունները՝ ընթերցողին ցույց տալով պատրիարխալ ու բրուտալ աշխարհի քնարերգությունը։
Վահրամ Դանիելյան