Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում հողօգտագործողները հող մշակելու փոխարեն տարբեր ատյանների դռներն են թակում: Գյուղատնտեսական տարին մեկնարկելուն պես խնդիրների են բախվում:
Եռակի թանկացումներից հետո, իրենց բնորոշմամբ, ուշացած պարարտանյութ ձեռք բերեցին, կրկնակի թանկացած դիզվառելիք գնեցին, կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, ճակնդեղ ցանեցին: Ասում են՝ բանկերից գումար են վերցրել, մեկ հեկտար մշակելու համար 2 միլիոն դրամ ծախսել՝ հույս ունենալով, որ աշնանը բերքը կվաճառեն, պարտքը կտան: Սակայն կանաչ դաշտը դեռ չհասունացած չորանում է. ջուր չկա:
Հուսահատված ղարիբջանյանցիները բողոքի բազմաթիվ ակցիաներ են արել, մարզպետարանի ու համայնքապետարանի դռները թակել, բայց խնդրին լուծում չեն գտել: Ճարահատյալ արդեն երկու անգամ փակել են Գյումրի-Արմավիր մայրուղին:
Պարզվում է՝ տասնամյակներ շարունակ ղարիբջանյանցիները չվերահսկվող ջրերով են ոռոգել դաշտերը, հետեւաբար գյուղացին չի վճարել ոռոգման համար: Ջրօգտագործողների ընկերությունն էլ չի սպասարկում: «Շիրակ ՋՕ»-ից ասում են՝ քանի որ համայնքը ՋՕ-ն չի սպասարկում, բնականաբար ջուր էլ չեն տա: «Երբ ջրառատ տարիներ են եղել, մարդիկ օգտվել են ազատ ջրերից, հիմա ջրի սղություն է: «Շիրակ ՋՕ»-ն ոչ մի լիտր ջուր Ղարիբջանյանի համար չի նախատեսել, պայմանագիր չունեն»,- փոխանցում են ընկերությունից:
Գյուղի վարչական ղեկավար Պարգեւ Հարությունյանը տեղեկացնում է, որ 400 հեկտար վարելահողերից ուղիղ կեսին ջուր չի հասնում: «Ղարիբջանյանցիները մեկ մետր հող անմշակ չեն թողնում. միակ գյուղն է, որտեղ տղամարդիկ արտագնա աշխատանքի չեն գնում: Բայց այսպես որ շարունակվի, այստեղ էլ ամառը տղամարդ չի մնա. խոպանի ճանապարհը կբռնեն»:
Գագիկ Գեւորգյանը վեց հեկտար կարտոֆիլ է ցանել: Ասում է՝ ամեն տարի այս ժամանակ մինչեւ յոթ անգամ ջրում էին, հիմա երկրորդ ջուր էլ չեն տվել: «Գոնե հիմա մի բա՛ն արեք, էլ բերքի հույս չունենք: Վաղահասները չորացան, թափվեցին, ուշահասից գոնե մի քիչ բերք ստանանք»:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից էլ տեղեկացնում են, որ գյուղի ոռոգման համակարգը շարքից դուրս է եկել: Անվերահսկելի ջրերով են ոռոգել, ինչն այժմ արդեն անհնար է անել: Համայնքապետարանը սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, համայնք-պետություն համագործակցությամբ կկառուցվի գյուղի ոռոգման ցանցը, բայց ոչ այս տարի:
«Եթե բնությունը բարեհաճ լինի, գուցե մի քիչ բերք լինի,- ասում են ղարիբջանյանցիներն ու հավելում,- բայց այդ դեպքում խնդրում ենք շռայլ աշխատավարձերն ու պարգեւավճարները բնությանն ու անձրեւին տալ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։