Օգոստոսի 17-ին` 10:00-ի դրությամբ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախօրեին հայտարարել է, որ փրկարարները շարունակում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առեւտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել:
«Հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում եւ զուգահեռ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ»,– նշել է նախարարը:
Արմեն Փամբուխչյանը հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։
Հարցին, թե արդյոք նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել պայթուցիկ նյութեր, նախարարն ասել է, որ տարածքի 50-60%-ն արդեն մաքրվել է, եւ եթե պայթուցիկ նյութեր լինեին, դրանք արդեն գտած կլինեին։
Նախարարը հայտնել է, որ նախքան պայթյունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, նախնական գնահատականներով, 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել: Համապատասխանո՞ւմ է դա նորմերին, թե՞ ոչ, նախարարը դժվարացել է պատասխանել, միայն նշել է, որ դրա պատասխանը կտան համապատասխան գերատեսչությունները։
Փամբուխչյանը տեղեկացրել է, որ հանդիպել են նաեւ առեւտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ։ Հատակագծի վերաբերյալ Կադաստրի կոմիտեից եւ սեփականատիրոջից ստացված փաստաթղթերը համեմատել են եւ դրանց հիման վրա տեղազննում են կատարել։ Ըստ նախարարի, նկատի ունենալով վերոնշյալ տվյալները, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս ավելի մեծ ուշադրություն են դարձրել նկուղային հատվածներին։