Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հատկապես ճգնաժամի ժամանակ կարեւոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության շարունակումը։
«Ես ուզում եմ, որ մեր ուղերձներն ուղղակիորեն հասնեն Ռուսաստանի նախագահին, որպեսզի Մոսկվան իր վրա վերցնի պատասխանատվությունը»,- ասել է Շոլցը։ Նա ընդգծել է, որ Պուտինը պետք է իմանա՝ Արեւմուտքն ինչ է իրենից պահանջում:
Ըստ կանցլերի՝ տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացառվում է։
«Քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը, իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայից եւ խաղաղություն չի կնքել խելամիտ պայմաններով, ես կարգավորման մասին մտածելու պատեհություն չեմ տեսնում»,- շեշտել է Գերմանիայի կանցլերը: