Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։
Գրիգորյանը հիշեցրել է, որ ներկա դրությամբ փրկարարները փնտրում են անհայտ համարվող երկու քաղաքացու։ Առ այսօր հայտնաբերվել է 16 զոհվածի մարմին։ Զոհվածներից մեկի ինքնությունը դեռեւս չի պարզվել։
Փոխնախարարը հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվելու շինության մոտակա հատվածներում։ Ըստ Գրիգորյանի՝ դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա։
«Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից եւ մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ընդգծել է փոխնախարարը։ Նա նշել է, որ ներկայում հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան աշխատել։
ԱԻ փոխնախարարը հայտնել է նաեւ, որ տարածքի 70%-ը մաքրվել է, եւ աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հեկտար։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Կանխարգելիչ գործողությունները կօգնեն խուսափելու նման ողբերգական միջադեպերից․ Մարության
Սուրմալուի դեպքերի առնչությամբ ցավակցական խոսք է հղել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ է պատճառել։
«Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների եւ թե՛ քաղաքացիների կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նման ողբերգական միջադեպերից: Աղոթում եմ զոհվածների հոգիների եւ անհետ կորածների փրկության համար»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Մարությանը։