ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը հայտնել է, որ օգոստոսի 17-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Երեւանի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ «Սուրմալուի» պայթյունից տուժած 5 քաղաքացի։
Ղոնյանը հավելել է, որ հիվանդանոցներում են մնացել հիմնականում կոտրվածքներ ստացած քաղաքացիները։ «Բոլորի վիճակն այս պահին բավարար է։ Սակայն դեռեւս կարիք ունեն հիվանդանոցային պայմաններում հսկողության եւ բուժման»,– հայտնեց Ղոնյանը։
Դեպքից հետո հիվանդանոցներ տեղափոխված 61 անձինք հիմնականում ունեցել են վերջույթների կոտրվածքներ, մաշկի վնասվածքներ, այրվածքներ։ Նրանց մեծ մասը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, ստացիոնար բուժման կարիք չի եղել։ Պայթյունից տուժածներից մեկը շարունակում է դեռեւս բուժում ստանալ Այրվածքաբանության ազգային ինստիտուտում։
Զոհվածներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 16-ի՝ 17:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը եւ Վանիկ Ամիրխանյանը։
ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ավելի վաղ հայտնել է, որ ԱԻՆ-ում չեն բացառել, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։