Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարություն տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։
Ավելի վաղ մեդիադաշտում նման լուրեր էր տարածել «Սասնա Ծռեր» արմատական քաղաքական խմբավորումը:
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Ռուսական կողմը դա դիտարկում է իբրեւ զրպարտությունների հետեւում կանգնած քաղաքական ուժերի ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։
«Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսեւորումների կանխմանը՝ ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանությունը ուղարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատանը հիշեցրել են, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներում: