«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի էկոլոգիական հարցերի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը հայտնել է, որ «Սուրմալու»-ում պլաստիկե իրերի ու հրավառության համար նախատեսված պայթուցիկ նյութերի այրման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը դեռ երկար կպահպանվեն օդում եւ նույնիսկ դեպքի վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու կտարածվեն։
Փորձագետը նշել է, որ վնասակար մասնիկներն օդի մեջ իսկույն տարածվում են եւ շարժվում քամու ուղղությամբ։ Ընդ որում` որքան մասնիկները փոքր են, այնքան ավելի երկար ճանապարհ են անցնում։ Մի քանի միկրոմիացություններ նույնիսկ կարող են մինչեւ 60 կիլոմետր շառավղով տարածվել։
Խորհուրդ է տալիս պատուհանները փակ պահել
«Լավ կլիներ, որ գոնե տեղումներ լինեին, բայց հակառակի պես այս շաբաթվա համար օդերեւութաբանները կանխատեսել են բարձր ջերմաստիճանով, առանց տեղումների եղանակ»,- ասել է Գրիգորյանը։
Փորձագետի գնահատմամբ առավել խոցելի են հատկապես դեպքի վայրի հարեւանությամբ բնակվող ու աշխատող մարդիկ, որոնց խորհուրդ է տալիս պատուհանները միառժամանակ փակ պահել կամ հնարավորության դեպքում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։
«Եթե այլ տեղ չունեն գնալու, օգտագործեն ջրցող միջոցներ, պարբերաբար հատակից, պատուհանագոգերից, ապակիներից խոնավ շորով սրբեն մուրը կամ փոշին, որովհետեւ օդում կարող են լինել վնասակար խառը մասնիկներ, որոնք երկրորդային վտանգ են ներկայացնում շնչառության համար»,– ասաց նա։
Համայնքային կառույցները պետք է լվանան այն տարածքը, որտեղ մոխիր ու փոշի է նստել
Ըստ Գրիգորյանի՝ տոքսիկ նյութերի մեծ քանակի դեպքում կարող է նույնիսկ շնչառության կանգ կամ սուր թունավորում առաջանալ։ Եթե նույնիսկ մարդը չի ենթարկվել կրակի, բոցի անմիջական ազդեցությանը, տարածքին մոտ գտնվելիս կարող է շնչահեղձ լինել։ Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս շոր թրջել ու դրա միջոցով շնչել, որպեսզի օդում տարածված փոքրիկ մասնիկները չներթափանցեն շնչառական օրգաններ։
Նման դեպքերում համայնքային կառույցները պետք է համալիր սանիտարական աշխատանքներ կատարեն, լվանան այն տարածքը, որտեղ մոխիր ու փոշի է նստել։