Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարկյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ:
Իրանը միջուկային գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտնել է բանտարկյալների հարցը լուծելու իր պատրաստակամության մասին։
«Զարմանալի է, որ ամերիկյան կողմը, փոխանակ վերացնելու սահմանափակումներն այդ ուղղությամբ, զբաղվում է բացառապես Իսլամական Հանրապետության դեմ քարոզչությամբ»,- ասել է Չաֆին։
Դեռ 2021-ի ամռանը Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատ արձակման դիմաց ազատելու ամերիկացի բանտարկյալներին:
«ԱՄՆ-ի պահանջով աշխարհի ցանկացած երկրում ազատազրկված իրանցի բոլոր կալանավորներին դիտում ենք որպես Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների»,- շեշտել էր Ռաբիին:
Միջուկային գործարքից առանձին բանտարկյալների փոխանակման շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության վերաբերյալ դեռ 2022-ի սկզբին հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական նախկին ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Իրանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին իր հերթին բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը հազիվ թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը ԱՄՆ չորս քաղաքացիներին ազատ չարձակի:
Մեծ Բրիտանիան էլ պահանջում էր ազատ արձակել բրիտանահպատակ իրանցի Անուշե Աշուրին եւ Thomson Reuters հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազանին Զաղարի-Ռաթքլիֆին: Վերջիններս մեղադրվում են լրտեսության համար: