ՀՀ քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առեւտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր եւ պարագաներ, հորդորում է չօգտագործել դրանք։
«Հորդորում ենք նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որեւէ իրավական հետեւանքներ»,– նշված է հաղորդագրությունում:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախօրեին հայտարարել է, որ նախքան պայթյունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, նախնական գնահատականներով, 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել:
ՔԿ մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով արդեն 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել։ Հարցաքննվել են ինչպես տուժողները, այնպես էլ կրպակների սեփականատերերը։ Առեւտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել։
Ավելի վաղ Երեւան քաղաքի դատախազն իր հերթին կոնկրետ հանձնարարություններ է տվել քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի եւ մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ:
Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության եւ հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:
Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը: Կատարվել են վարույթի շրջանակում այլ քայլեր։ Քննիչներն ու փորձագետները ձեռնարկել են դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են եղել նաեւ դատախազական խմբի դատախազները։