Իսրայելը եւ Թուրքիան ամբողջ ծավալով վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները։
Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի օգոստոսի 17-ին հրապարակած հաղորդագրության՝ վարչապետ Յաիր Լապիդի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո երկու երկրները որոշել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Ըստ այդմ՝ երկու երկրների դեսպանները եւ գլխավոր հյուպատոսները կվերադառնան աշխատանքի:
Այնուամենայնիվ, Անկարան հրաժարվում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Իսրայելում նոր դեսպանի անունը կհրապարակվի նախագահ Էրդողանի՝ համապատասխան կարգադրությունը ստորագրելուց հետո:
Թուրքիայի դեսպանն աշխատելու է Թել Ավիվում, քանի որ Անկարան հրաժարվում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց:
Դեսպանների նշանակման հարցը քննարկվել է նաեւ հունիսի 23-ին արտգործնախարար Յաիր Լապիդի Անկարա կատարած այցի ընթացքում (Լապիդը եւ Նաֆտալի Բենետը ռոտացիոն կարգով են զբաղեցնում Իսրայելի վարչապետի պաշտոնը):
Իսրայելը եւ Թուրքիան շարունակ հետախուզական տեղեկություններ են փոխանակում
Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգությունն է․ անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են։
«Երկու երկրները շարունակ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաեւ նախագահների մակարդակով»,- ասել նա։
Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական ձգձգվող հակամարտությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։
Ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները ճգնաժամի մեջ էին հայտնվել 2010-ի մայիսի 31-ի միջադեպից հետո, երբ պաղեստինցիների համար Գազայի շրջան մարդասիրական օգնություն (ըստ Իսրայելի՝ «մարդասիրական բեռ»-ի անվան տակ զենք-զինամթերք) տեղափոխող «Մավի Մարմարա» բեռնանավը զավթեցին իսրայելցի հատուկջոկատայինները։ Գործողության հետեւանքով զոհվեցին Թուրքիայի ինը քաղաքացիներ, ինչը երկու երկրների հարաբերությունների տեւական սառեցման պատճառ դարձավ:
Դրանից հետո Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին՝ ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել եւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: