Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնել են, որ օգոստոսի 18-ին Արարատյան թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի «Սուրմալուի» պայթյունի անմեղ զոհերի հոգիների համար։
Արարատյան թեմը կոչ է անում միանալու ընդհանրական աղոթքին։
Ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին աղոթք եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար հոգեհանգստյան կարգ կանցկացվի նաեւ Ստամբուլում օգոստոսի 21-ին՝ նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի:
Պոլսո Հայոց Պատրիարքը օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ սուգ է հայտարարվել: Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Զոհվածների հիշատակին նվիրված սգո օրերի առնչությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել։
Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին Երեւանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Շառլ Միշելը իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ միանում է բոլոր հայերին, որոնք սգում են Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների համար։
«Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ավելի վաղ ցավակցական ուղերձ էին հղել Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։
Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Զոհվածներից մեկի ինքնությունը դեռեւս չի պարզվել
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 17-ի՝ 19:30-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած են համարվում Գագիկ Կարապետյանը եւ Վանիկ Ամիրխանյանը։