ՀՀ վաստակավոր, մականախաղի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանը Գյումրիում նախաձեռնել եւ հիմնել է «Gyumri Sport City» միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզահամալիրը:
Մարզական քաղաքի նախագիծն առաջին անգամ ներկայացվել էր 2013 թվականին: Գաղափարը ոգեւորել էր շատերին, բայց ոչ պատկան մարմիններին: Պետրոսյանը դիմել է տարբեր մարզպետների, քաղաքապետների, Օլիմպիական կոմիտե, մարզական ու ոչ մարզական տարբեր կառույցների, բայց միայն մերժումների ու խոչընդոտների է բախվել:
2018 թվականից հետո, հեղափոխությունից ոգեւորված, Պետրոսյանը վաճառել է ՌԴ- ում գտնվող իր բիզնեսները եւ բնակարանը: Շուրջ երկու տասնամյակի դադարից հետո վերադարձել է իր ծննդավայր Գյումրի, երեխաների համար մարզադաշտ է կառուցել։ Մարզիչին թվացել է՝ էլ խանգարողներ չկան, նոր իշխանությունը նոր կյանք կտա իր վաղեմի երազանքին: Նախագծի հետագա ճակատագիրը, սակայն, մշուշոտ է:
Առաջին առերեսումը նոր իրականության հետ տարածքի խնդիրն է եղել: «Երեք տարի առաջ Գյումրու քաղաքապետարանը ավագանու որոշմամբ հողհատկացում է արել, նախնական պայմանավորվածությամբ 15 հեկտար պետք է տրամադրվեր, բայց վեցը տվեցին, այն էլ՝ վարձակալությամբ: Աղբով լցված ծայրամասը ծաղկեցնում ես, բայց կաբինետում նստած չինովնիկների սիրտը փող է ուզում: Ասում են՝ բե՛ր, վա՛րձ տուր,- դժգոհում է վաստակավոր մարզիչը:- Դրանից հետո ՀՀ իշխանությունը, մարզային կառույցները, կապի ու մաքսային ծառայություններն իրար հերթ չտալով սկսեցին խնդիրներ առաջացնել. բոլորը փող են ուզում, բաժին են ուզում: Տուգանում ու հարկեր են ավելացնում, կարծես վատ բան եմ արել, որ ունեցվածքս վաճառել, հարազատ քաղաքում ներդրում եմ արել»:
Պետրոսյանն ասում է՝ Հայաստանում ներդրողը ոչ թե պետության գործընկերն է, այլ հակառակորդը, թշնամին: Վստահեցնում է, որ հարկ ու տուրքին, ահռելի վարձավճարներին դեմ չէ, բայց ժամանակ է պետք, որ համալիրը շահույթ բերի: Օրինակ է բերում եվրոպական երկրները, որտեղ նման հանրային կառույց հիմնելու համար պետությունն անմիջապես ծախսի 75 տոկոսը կփոխհատուցի ներդրողին, իսկ ՌԴ-ում՝ 70 տոկոսը: «Սա բիզնես չէ: Երբ մի տասը տարուց ես երեխային աճեցնեմ, դարձնեմ պրոֆեսիոնալ մարզիկ, ով պայմանագրով կխաղա միջազգային թիմերում, այդ ժամանակ միայն շահույթ կունենամ: Ամբողջ կյանքիս աշխատանքը ներդրել եմ, շահույթ չեմ ակնկալում, դուք ինչո՞ւ եք ինձնից գումար պահանջում ու պահանջում»,- բարկացած հարցնում է մարզիչը:
«Gyumri Sport City»-ում նախատեսված է չորս օլիմպիական մարզաձեւ զարգացնել՝ աղջիկների ֆուտբոլը, ռեգբին, լաքրոսը եւ մականախաղը, ինչի շնորհիվ երեխաները կարող են հայտնվել աշխարհի լավագույն թիմերում։ Ստեղծված են բոլոր պայմանները, որ երեխան տեղում սովորի լեզուներ, ուսումնասիրի արվեստի ճյուղեր:
2021 թվականին Գյումրիում՝ մարզահամալիրի կազմում, պաշտոնապես բացվել է «Լեննագան» անունով մարզադաշտն իր ենթակառուցվածքներով: Մարզական կյանքը եռում էր, շուրջ 400 երեխա մարզվում ու կրթվում էր համալիրում: Նախատեսված էր ոչ միայն մարզական, այլեւ համաքաղաքային ու համապետական միջոցառումներն անցկացնել այստեղ, առանց վարձավճարի:
Մարզիչն ասում է՝ մեկ միլիոնից ավելի ներդրում է արել, էլ մեկ դրամ չունի, անգամ Գյումրիում գտնվող տունն է գրավադրել, գումարը սպորտքաղաքի վրա ներդրել: «Հիմա էլ ասում են՝ տարածքի գումար մուծի, որ կադաստրը վկայական տա: Ես չունեմ այդ երեք միլիոնը: Աշխատանքները կաթվածահար են, երեխաները չեն մարզվում, պատրաստի համալիրը հարկադիր պարապուրդի է մատնված,- ասում է Պետրոսյանն ու հավելում,- այս ամենը քիչ է, հիմա էլ ԿԳՄՍ նախարարությունից եկել, ասում են՝ համալիրը հենց այնպես տվե՛ք մեզ: Աշխատավարձ կվճարեն, բայց մնացած ծախսերը էլի ես եմ հոգալու»:
Հրանտ Պետրոսյանը հարցնում է նախարարությանը, թե օրեր առաջ ինչու Հայաստանի թիմը 55:0, Հրազդանի տղաների թիմը Լեհաստանում 177:3 նվաստացուցիչ հաշվով պարտվեց: Ոչ ոք պատասխան չտվեց, ոչ ոք այդ մասին չխոսեց: «Պաշտոնը ստացել եք որպես նվեր ու վայելում եք: Դուք նրա համար եք, որ երեխան մարզվի, դա՛ է ձեր անմիջական գործը: Դուք չեք անում, թողե՛ք՝ մենք անենք»:
Սպորտքաղաքի հիմնադիրն ասում է՝ եթե այսպես շարունակվի, այդ երեք միլիոնը կհայթայթի, փաստաթղթերը կվերցնի ու կվաճառի համալիրը. «Թող գան, ձուկ պահեն, իրենց հեռու նպատակ պետք չէ: Ես կյանքում չեմ սողա, ողորմելի պետությունը չի կարող հպարտ քաղաքացի ունենալ: Ինչի՞ վրա եմ հպարտ, որ աշխատում ու կոլեկտիվ որբանոց հիշեցնող ղեկավար-չինովնիկներին ե՞մ պահում ու կերակրում»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։