Լույսը բացվելուն պես «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում աշխատանքները վերականգնվել են։ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նախօրեին հայտնել է, որ պայթյունի ենթադրյալ հատվածում վտանգավոր պատկեր է, ուստի շտաբը որոշում է ընդունել գիշերային ժամերին աշխատանքները դադարեցնել։
Գիշերվա ընթացքում հերթապահություն է սահմանվել, որ հարկ եղած դեպքում հովացման աշխատանքներ կատարվեն։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնց 16-ը՝ մահացած: Զոհերից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մի քանի օր է պետք՝ ինքնությունը պարզելու համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:
Ըստ Կոստանյանi՝ քաղաքացուն գտնելուց հետո ԱԻՆ-ի աշխատանքները կավարտվեն, որից հետո հատուկ մասնագիտացված կազմակերպությունները կլուծեն շենքի ապամոնտաժման հարցը։