Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, Էրզրումում ընթացող բռնքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը եզրափակիչի ուղեգիր է ապահովել, ինչպես նաեւ վաստակել 6-րդ մեդալը։
Կիսաեզրափակիչում իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ հաղթանակ է տոնել ու եզրափակիչ դուրս եկել Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Սամվել Սիրամարգյանը։
Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը եղել է նախաձեռնողի դերում, արդյունքում բոլոր մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են մեր մարզիկին։ Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։
Մեր մարզիկներից կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։ Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ մենամարտում հայ մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել եւ հաղթել 5։0 հաշվով։
Ավելի վաղ ՀՀ հավաքականին մեդալներ են ապահովել նաեւ 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը եւ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։
Թուրքիայում օգոստոսի 10-21-ն անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա եւ 5 աղջիկ: