Մեր պատմության վերջին հարյուր տարիների ընթացքում մենք երկու ճակատագրական պարտություն ենք ունեցել։ Առաջինն արձանագրվել է 1920-ին: Այդ պարտության հետեւանքով մենք կորցրինք մեր 60 000 քառ․ կմ պետության տարածքի կեսը, մնացինք այն 29 700-ով, որ ունենք այսօր։ Իսկ երկրորդը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերին, որի հետեւանքով կորցրինք 1990-ականների մեր բոլոր ձեռքբերումները, մնացինք ձեռնունայն ու անչափ խոցելի։
Եթե հետհայացք ձգենք ու փորձենք հասկանալ 100 տարի առաջվա եւ երկու տարի առաջվա մեր պարտությունների պատճառները, ապա կտեսնենք՝ երկուսի հիմքում էլ նույն սխալներն են։ Երկու դեպքում էլ գործող իշխանություններն իրատես չեն եղել, չեն եղել բավականաչափ շրջահայաց, օրվա զարգացումները չեն հասկացել, մեր երկրի հնարավորությունները ճիշտ չեն գնահատել, չոր ու սառը հաշվարկի փոխարեն զգացմունքներով են առաջնորդվել ու սխալ որոշումներ կայացրել։ Եղած հնարավորը պահպանելու եւ ամրապնդելու փոխարեն պատրանքների հետեւից են վազել։
Սխալների հիմքում մեր պահանջատեր լինելն է, մեր ցանկությունը՝ անկախ մեր հնարավորություններից ու կարելիությունից ունենալ այն ամբողջը, ինչը երբեւէ մերն է եղել կամ մերն ենք համարում։
Մենք պահանջատեր ենք եղել Առաջին Հանրապետության հռչակումից առաջ։ Բայց Առաջին Հանրապետության տապալումից ու մեր խիստ ցավոտ կորուստներից հետո այն մեզ համար տանող ուժ դարձավ։ Մեր լինելիության իմաստը դարձավ: Դարձավ նպատակ։ Ամերիկայից Ֆրանսիա, Ֆրանսիայից Լիբանան ու Եգիպտոս, ամենուր, որտեղ ապրել ենք, ներառյալ Խորհրդային Հայաստան, պահանջատեր էինք։ Խոսում էինք մեր կորուսյալ հայրենիքից, երազում էինք վերադարձած տեսնել մեր կորցրածը։
Խորհրդային Հայաստանում այս խոսակցությունները թափ առան Ստալինի մահից հետո։ 1960-ականներից «հողերի» մասին զրույցները տարածված էին լայնորեն։ Մեր հայրենասիրությունը պահանջատիրության վրա էր խարսխված։ Որոշ թվաքիչների սա հանգեցրեց հակախորհրդային տրամադրությունների եւ անկախության գաղափարին, իսկ սովետահայ ժողովրդի գերակշիռ մասը շարունակեց մնալ պահանջատեր․ մերն է Ղարաբաղը, մերն է Նախիջեւանը, մերն է Ջավախքը, մերն է Արեւմտյան Հայաստանը, մերն է Արեւելյան Հայաստանի այն մասը, որ 1920-ին մեր մեղքով ու մեր խելքով հակառակորդին թողեցինք։
Մենք հայրենիք ենք կորցրել, ու այն երբեւէ վերագտնելու ցանկությունը չէր կարող մեզ չուղեկցել։ Պահանջատիրությունը մեր կորուստների տրամաբանական հետեւանքն է, չլինել չէր կարող։ Այն կար ու այն էլ ձեւավորում էր աշխարհի մասին մեր պատկերացումները, դառնում էր մեր էությունն ու մեր ելակետը։
Ամեն ինչ, սակայն, պետք է փոխվեր 1991-ին, երբ հռչակվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը։ Այդ պահից մենք պետք է դրսեւորեինք մեզ որպես պետական ժողովուրդ։ Սփյուռքը կարող էր շարունակել մնալ պահանջատեր, կարող էր եղեռնի ճանաչման գործով զբաղվել, կարող էր աշխարհի մեծ քաղաքների կենտրոններում այրել Թուրքիայի դրոշը, խոսել կորսված տարածքներից, բայց Հայաստանի Հանրապետություն կոչվող երկիրը եւ այդ երկրի քաղաքացիները պետք է պետության կայացման եւ հզորացման գործով զբաղվեին։ Մնացած բոլոր գործերը պետք է ստորադասվեին այս գործին։ Պետք է լիներ գիտակցում, որ միայն կայացած ու հզոր պետության պարագայում է հնարավոր հաջողություններ գրանցել եւ երազանքներն իրականացնելու ճանապարհներ հարթել։
Փոխարենը շարունակեցինք մնալ պահանջատեր։ Չհամարեցինք անկախ պետության գոյությունը մեր կորուստների բավարար հատուցում։ Մեր կորուստների համեմատ եւ մեր երազանքների համեմատ այն քիչ համարեցինք, չարժեւորեցինք բոլորովին։ Առանց այն գնահատելու ու առանց գիտակցելու դրա արժեքը թեթեւորեն տարանք ու տանում ենք փորձությունների ու փորձանքների։
1920-ի մեր ծանր պարտությունը մենք չճանաչեցինք, չխոսեցինք պատճառներից, մեր սխալները չտեսանք ու չվերլուծեցինք դրանք, անհրաժեշտ հետեւություններ չարեցինք, ինչն էլ օրինաչափ դարձրեց 2020-ի մեր պարտությունը։ Ցավն այն է, որ այս դաժան պարտությունը եւ շարունակվող կորուստները նույնպես չեն սթափեցնում մեզ։ Շարունակում ենք խոսել հին բառապաշարով ու հին ծրագրերը փայփայել։
Մեր պարտության փաստը մեզ ճնշում է, վիրավորում է, մենք դա ծանր ենք տանում, մեղավորների ենք փնտրում ու գտնում մեզնից դուրս, բայց չենք փոխվում։ Հաջորդ պարտությունն անհնարին դարձնելուն ուղղված քայլեր չենք անում։ Շարունակում ենք մնալ պահանջատեր։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։