Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Երկամարտի արդյունքում մեր մարզուհին բարձրացրել է 206 կգ։
16-ամյա Էմմա Պողոսյանը «Պոկում» վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաեւ փոքր արծաթե մեդալ: «Հրում» վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ:
Չեմպիոն պատրաստելու համար մեդալով է պարգեւատրվել նաեւ կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ են դարձել նաեւ Սերյոժա Բարսեղյանը, Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։ Վերջինս Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Ժորա Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Սարգսյանը որոշիչ գոտեմարտում 12։2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող մրցակցի նկատմամբ։
Սարգսյանը որակավորման փուլում 8:3 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետեւ 10:0 հաշվով հաղթել Ուզբեկստանի ներկայացուցչին:
Երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչում Սարգսյանը մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ եւ 11:1 հաշվով հաղթանակ տանելով՝ դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակիչում, սակայն, Սարգսյանը 3:4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին:
61 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը եւ 86 կգ քաշային կարգում Գուրգեն Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել եւ պարտվել` զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Մուշեղ Մկրտչյանը։