Մղարթում անհույս սպասման եւս մեկ տարի են գլորում։ Ջրի մասին նորից խոսք չկա, ակնկալիք՝ նույնպես։ Երեսուն տարի ջուր կրելու չափ մարդիկ հոգնել են նաեւ խոստումներից։ Ամեն ինչ նույնն է մնացել։ Գյուղի երիտասարդ տղաներն ընտանիք կազմելու փորձ չեն անում, աղջիկներն էլ ձգտում են «դրսում» ամուսնանալու: Այլ տեղերից նույնպես այստեղ հարս չեն գալիս։ Բավական է ծնողները լսեն «Մղարթ» անունը, ընդդիմանում են, թե ջուր կրելու համար չեն իրենց աղջիկներին պահել-մեծացրել։
Անծանոթներին մղարթցիներն իրենց առօրյան դառնահամ հումորով են ներկայացնում՝ կանանց թեւերը ջուր կրելուց երկարել են, Մղարթում ուղիղ մեջքով կին չես տեսնի եւ այլն։ Ասում են՝ ուրախություն է, երբ ձմեռը ձյունառատ է․ տանիքներին հալվող ձյունը դույլերի մեջ հավաքում եւ օգտագործում են կենցաղում։ Ամռան վայելքն էլ անասունների սար գնալն է․ մինչեւ աշուն աղբյուրների սակավ ջրերն ամբողջությամբ մնում են մարդկանց։
Շատ թե քիչ, միեւնույնն է, ջուր ունենալու համար գյուղացիներն իրենք են ելքեր փնտրում։ Մղարթի բարձրադիր հատվածում ապրողները բնական աղբյուրների ջուրն են ռետինե խողովակներով իրենց բակ հասցնում, մյուսներն էլ ջրից «կպչում» են մինչեւ գյուղի աղբյուրներ հասնելը։ Մեքենա ունեցող մղարթցիներն էլ իրենց բակերում դրված հսկայական բաքերը հարեւան Կողեսից բերած ջրով են լցնում։
«Ներքեւում աղբյուր ունենք՝ հանքի աղբյուրը, հանքից եկող ջուրն է։ Նախքան աղբյուրում թափվելը 4-5 ընտանիք կպած էր դրան. պատահում է՝ բոլորը միանգամից են բացում, էստեղ ջուր չի գալիս։ Հենց հանքի թաղում աղբյուրը շատ բարակել ա. ընդեղ հերթ էր դրած, 12 ընտանիք են, օրական մեկը միացնում էր, հիմա չի հերիքում։ Գալիս, էս մի թաղից են տանում։ Մեծ աղբյուր ենք ասում, էս պահին շատ վարար ա, դպրոցի վերեւինն էլ։ Հիմա խնդիր չկա, հոկտեմբերի 1-ից նորից սկսվելու ա, անասունները հենց գան»,- ջուր հայթայթելու ամենօրյա պատկերն է ներկայացնում Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը։
Բայց աղբյուրները որքան էլ վարարեն, կանայք էլ դույլերը ձեռքներից վայր չդնեն, մեկ է, ջուրը չի հերիքում։ Խոտհունձից տուն եկած տղամարդիկ լողանալ են ուզում, տնամերձներում էլ հողը չորանալուց ճաք է տալիս, ցանած-աճեցրածն՝ անպիտան դառնում։ Սարերը գյուղին, աղբյուրներն էլ մարդկանց առաջվա պես ջուր չեն տալիս։ Չորային կլիմայով պայմանավորված` բնական աղբյուրների ակունքը ցամաքել է։
Մղարթի 72-ամյա բնակիչ Մարիետա Դալլաքյանն իրեն ինչ հիշում է, աղբյուրից ջուր է կրում։ Հիսուն տարի առաջ է Ախթալայից անջուր Մղարթ հարս եկել։ Այն ժամանակ, ասում է, կոլտնտեսություն էր, գյուղի ավազաններում գոնե այգիների եւ անասունների համար ջուր կար։ Եվ խնդիրը միայն խմելու ջուր ունենալն էր։
Ջրի մեծ ու փոքր բոլոր խնդիրներից զատ՝ տիկին Մարիետան գյուղի չորս տասնյակից ավելի չամուսնացած տղաների ճակատագրով է մտահոգվում։ Գովում է՝ բոլորն էլ լավն են, լավ ընտանիք կպահեն։ Բայց նաեւ շտապում է անկեղծանալ եւ խորհուրդ տալ աղջիկներին, որ իր սխալը չկրկնեն։
Պարզվում է՝ Մղարթում «սխալված» հարսներն էլ քիչ չեն։ Ռուզաննա Բեգլարյանը Մղարթի տեղն անգամ չի իմացել, երբ Վանաձորից այստեղ է եկել։ Ջրկիր գյուղի բազում խնդիրների մասին շատերի պես նա էլ հումորով է պատմում։ Բայց կյանքն այստեղ կյանք չէ, ասում է եւ ավելացնում՝ գյուղում առողջ կին չի մնացել։
«Էնքան ենք չարչարվում, էրեխեքին էլ մեզ հետ տանջում, որ առողջություն չի մնացել։ Մի օր կրում ենք, հաջորդ օրն օգտագործում։ Ամառ-ձմեռ էս վիճակն ա։ Էս հարցին մի լուծում ա պետք տալ, թե չէ բոլորը կգնան, էլ գյուղ չի մնա։ Էս ջուրը տարել են անալիզի, պատասխան չեն ասել։ Բայց որ եռացնում ենք, երեսին սպիտակ բան ա կանգնում, տակն էլ նստվածք ա տալիս։ Հետո բասեինի միջից որ գալիս ա, մաքուր չի։ Մեջը կենդանիներ, կռիսներ, եսիմինչեր կան, կեղտոտ վիճակ ա։ Նենց աեղել, որ ժոլոբներից ենք ջուր վերցրել եւ օգտագործել լվացքի, լողանալու»,- պատմում է երիտասարդ կինն ու հարցնում՝ էս ո՞ր թիվն է, որ նման բաներ անենք։
«Տանը ծորակ կա՞» հարցից Սվետա Բաբաջանյանը նախ տարակուսում է, ժպտում, ապա պատասխանում է՝ եղել է, բայց իննսուն թվականին։ Հետո գյուղի՝ քանդված ու ծախված պոմպակայանի, ջրի պատճառով ընտանեկան վեճերի, գյուղի տղամարդկանց միջեւ բախումների եւ բոլոր ընտրություններից առաջ իրենց տրված խոստումների մասին է պատմում։
«Մի ընտրության ժամանակ գյուղամեջ էի գնացել, չեմ հիշում, թե որ դաշինքն էր, ասին՝ մեզ ընտրե՛ք, մենք ձեր ջուրը քաշենք։ Ես էլ ասի՝ բերե՛ք, քաշե՛ք, ես խոստանում եմ՝ անձամբ հետեւեմ, ու գյուղի էն ծերից էս ծերը ձեզ ընտրեն»,- նախընտրական խոստումների հերթական դրվագն է ներկայացնում տիկին Սվետան եւ պաշտոնյաներին առաջարկում մեկ շաբաթով Մղարթ տեղափոխվել։
Երեսուն տարի մղարթցիներին «տանջող ցավը» կարծես բթացել եւ շատերի համար է սովորական դարձել։ Մինչդեռ գյուղից դուրս ապրող որոշ մարդիկ «հարցը փակված» չեն կարողանում համարել։ Եվ որքան էլ ջրի խնդրի լուծումը փակուղի է մտել, նրանք մտադիր են գնալ մինչեւ վերջ։
Ծնունդով մղարթցի Նաիրա Դալլաքյանն ասում է՝ այս անգամ անելու է ամեն ինչ՝ մղարթցու ձայնը, որ ճիչ է դարձել, վերջապես հասցնելու պատկան մարմիններին։ Ըստ նրա՝ Կառավարությունը նախ պետք է համայնքներում խնդիրների լուծման առաջնահերթություն սահմանի, գյուղերում էլ դրանց ընթացքին հետեւեն սրտացավ մարդիկ։
«Այսպես չի կարող շարունակվել։ Հասկանում եմ, որ պետությունը ճանապարհներ է կառուցում, դպրոցներ, մանկապարտեզներ։ Իհարկե, դա էլ կարեւոր է։ Բայց գյուղն առանց ջրի՞․․․ ի՞նչ է գյուղը, ո՞վ է գյուղացին։ Պետության դարպասն է, չէ՞, գյուղը, գյուղացին է պահում պետությունը։ Ու ինչի՞ համար նման խնդրի առաջ կանգնի գյուղացին։ Ուրիշ բան չի ուզում, ընդամենը խմելու մաքուր ջուր»,- հուզմունքով ասում է Նաիրան։
Եվ մինչ մղարթցիները սարերում ու գյուղի շրջակայքում եղած ջրի հնարավոր պաշարներից են խոսում կամ ջրի պակասը պայմանավորում գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանքի գործունեությամբ, Մղարթի ջրագծի կառուցման նախագիծը ֆինանսավորման է սպասում։
2019-ին Մղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի, ինչպես նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) կառուցման նախագծի համար Կառավարությունը 3,6 մլն դրամ էր հատկացրել։ Եվս 2,6 մլն դրամ էլ տրամադրվել էր հարեւան Արդվի գյուղի ջրագծի նախագծման աշխատանքների համար։
Հետո, ըստ Մղարթի վարչական ղեկավարի, պատերազմն էր խանգարել աշխատանքներին: Մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերին, նախագիծը հանձնվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։
Դեռ տարեսկզբին՝ փետրվարին, Ավագ Մոսինյանը հուսով էր, որ «այս տարի գոնե Կառավարությունը փող կհատկացնի»։ Իսկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը զերծ մնաց մեկնաբանելուց։
«Քանի դեռ ֆինանսավորում չկա, եւ ծրագիրը գործնական փուլում չէ, հիմնադրամն ասելիք չունի»,- փոխանցեցին «Ալիք Մեդիա»-ին։
Մղարթի եւ Արդվիի ջրի ծրագիրը գործնական փուլ կմտնի շուրջ 397 մլն դրամ լինելու դեպքում։ Հունիսին Ազգային ժողովում նշված ծրագրի վերաբերյալ պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին պատասխանելով՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր՝ որոշում չկա, բայց գաղափար կա ծրագիրը կյանքի կոչելու KFW-ի վարկային ծրագրերով։
Մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անջուր մնացած գյուղերի վերաբերյալ գրառում էր արել՝ «2022 թվականին չպետք է գոյություն ունենա գյուղ, որը խմելու ջրի խնդիր ունի»։ Մինչ այդ էլ Արեն Մկրտչյանը հայտնել էր Ալավերդու առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր առաջադրման մասին։
Մղարթը ջուր է ուզում, սակայն այս օրերին գյուղից դուրս, բայց գյուղին առնչվող այլ գործընթացներ են տեղի ունենում․ համայնքների նոր խոշորացմամբ Մղարթը միանում է Ալավերդուն, իսկ սեպտեմբերին ընտրություններ են, մղարթցիները համայնքապետի են ընտրելու։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։